«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը
– Տիկի՛ն Կոստանյան, ՔՊ-ի նախընտրական ծրագրում կա հատուկ հատված՝ նվիրված Եկեղեցու «բարեկարգման օրակարգին»: Խորհրդարանում մեծամասնություն ունենալուց հետո ՔՊ-ն պահանջելու է Կաթողիկոսի հեռացում, Կանոնադրության ընդունում և նոր Կաթողիկոսի ընտրություն: Ինչպե՞ս եք գնահատում այն, որ քաղաքական թիմը Կաթողիկոսին հեռացնելու հարցը իր ծրագրային դրույթներից է համարում:
– Այն, որ իրենք նախընտրական ծրագրի շրջանակներում ինստիտուցիոնալ ձևով արդեն քաղաքականացնում են Կաթողիկոսի դեմ տարվող արշավն ու իրենց պլանները, դա արդեն ամենամեծ ապացույցն է, որ լուրջ են տրամադրված, բայց հարց է առաջանում՝ որքանո՞վ է դա սահմանադրական իրավունք կուսակցության ներկայացուցիչների, կուսակցության առաջնորդի համար, որպեսզի իրենք քաղաքական ծրագրում հետապնդեն Կաթողիկոսին հեռացնելու նպատակը, այսինքն՝ Եկեղեցու գործերին ուղիղ միջամտություն:
Սա արդեն Սահմանադրության շատ կոնկրետ դրույթների խախտում է ու պետք է առանձին հետևանքներ ունենա իրավական համակարգի, ինչու չէ՝ նաև քաղաքական գործիչների կողմից: Հետամուտ պետք է լինեն, որ այդ խախտումները փաստագրվեն, ապագայում՝ իշխանափոխությունից հետո, այս մարդիկ պատասխանատվության ենթարկվեն, որովհետև, նորից եմ կրկնում, այս մարդիկ նախընտրական ծրագրում փաստացի ինստիտուցիոնալացրել ու քաղաքականացրել են Կաթողիկոսի ու Եկեղեցու դեմ տարվող քայլերը:
Երբ իրենք խոսում են այն մասին, թե Կաթողիկոսը սպառնալիք է ազգային անվտանգությանը, դա ուղղակի իրենց մտքի անհեթեթ արգասիքն է: Այս մարդիկ ուղղակի վերցրել են մի թրենդային թեմա, հետևողականորեն առաջ են տանում, փաստացի օրակարգ թելադրելով, ցավոք սրտի, քաղաքական ուժերն էլ, պաշտպանողական դիրք բռնելով, կանգնելով Հայ Առաքելական Եկեղեցու կողքին, ցույց են տալիս, որ իրենք խաղում են այս մարդկանց ստեղծած խաղը, իշխանության ստեղծած օրակարգն են առաջ տանում: Ես կարծում եմ, որ այս փուլում սրան լուրջ նշանակություն չպետք է տալ, որովհետև նախընտրական ծրագրում ինչ անհեթեթ միտք ասես կարող են գրել, հարցն այն է, թե ընտրական գործընթացներում ինչ արդյունք կունենան ՔՊ-ն ու մյուս քաղաքական դերակատարները:
Սպառնալիք համարելով Կաթողիկոսին՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու գլուխ, նրանք ապացուցում են այն թեզը, որ գործում են Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների ուղիղ թելադրանքով: Եթե համադրենք փաստերն ու իրողությունները, այս երկու թշնամական երկրներից ամենաբարձր մակարդակներով եկող հայտարարությունները, ապա դա ակնհայտ է:
Մենք նաև հիշում ենք, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նախորդ տարի ինչ-որ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ուղղված Կաթողիկոսին, որից հետո էլ Փաշինյանը սկսեց շատ հետևողականորեն կազմակերպված արշավ տանել Կաթողիկոսի դեմ: Հետևաբար, եթե իրենք խոսում են սպառնալիքի մասին, ապա Կաթողիկոսը սպառնալիք է միայն Թուրքիայի ու Ադրբեջանի համար, իրենք էլ այստեղ այդ պետությունների խոսափողն են:
– Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մինչև ընտրությունների ավարտը մենք այլևս որևէ գործողություն չենք տեսնի Կաթողիկոսի դեմ:
– Կարծում եմ, որ նախընտրական ծրագրում այս ամրագրումից հետո կարող են լինել ամենամեծ ու տարբեր գործողությունները: Հասկանում եմ, որ փաստացի գործիքակազմը մեծ չէ, ու Սահմանադրությունն էլ թույլ չի տալիս, որ Կաթողիկոսին գահընկեց անեն, իրենք նախընտրական ծրագրում են ներառում դա՝ փորձելով այս կերպ մի քանի քվե ևս ստանալ:
– Տիկի՛ն Կոստանյան, հաշվի առնելով նաև մինչ այս եղած իրողությունները, կարծում եք, քաղաքացիներն աջակցո՞ւմ են իշխանությանը՝ Կաթողիկոսին հեռացնելու գործընթացում:
– Այն քաղաքացիները, որոնք լոյալ են, այդ տոկոսը կարող է իջած լինել մինչև 20, նրանք շատ վստահ ձևով աջակցել ու աջակցում են՝ անկախ նրանից, թե իշխանությունն ինչ ծրագիր է առաջարկում: Այնպես որ, այս մասով օրվա իշխանությունն ունի իր հստակ ընտրազանգվածը, որ անկախ ամեն ինչից ընտրելու է այս քաղաքական թիմին:
Այստեղ ընդդիմադիր թևի խնդիրը այն ընտրազանգվածի հետ աշխատելն է, որոնք չեն կողմնորոշվում, այլընտրանքներ չեն տեսնում: Այլընտրանք չտեսնելու պարագայում էլ ամենավատն այն է, որ այս մարդիկ չեն գնալու ընտրատեղամաս, իսկ դրանով նպաստելու են այս իշխանության վերարտադրությանը: Հետևաբար, պետք է քաղաքացիներին հասկացնել, որ անպայման է մասնակցությունը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am