ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի համար սահմանված վերջնագրի ավարտից մի քանի ժամ առաջ սպառնացել է «ամբողջ քաղաքակրթության ոչնչացմամբ»՝ գրառում կատարելով Truth Social-ում։
«Այս գիշեր կմահանա մի ամբողջ քաղաքակրթություն, և այն այլևս երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում դա անել, բայց, հավանաբար, կանեմ»,- գրել է նա։
Միաժամանակ Թրամփը կրկին ենթադրել է, որ Իրանում տեղի է ունեցել «ռեժիմի լիարժեք փոփոխություն»՝ նշելով, որ իշխանության են եկել «ավելի խելացի և պակաս արմատական մարդիկ»։ Նա նաև չի բացառել, որ այս գիշեր Իրանում կարող է տեղի ունենալ «ինչ-որ հեղափոխական բան»։
Ապրիլի 8-ի գիշերը լրանում է Իրանի հետ հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքելու համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը։ Նա նախազգուշացրել էր, որ համաձայնության բացակայության դեպքում Վաշինգտոնը պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին։
Միաժամանակ արևմտյան մի շարք փորձագետներ չեն կիսում նրա գնահատականը «ռեժիմի փոփոխության» վերաբերյալ՝ նշելով, որ Իրանի իշխանական համակարգը մնացել է անփոփոխ, իսկ նոր ղեկավարները կարող են ավելի կոշտ դիրքորոշում ունենալ ԱՄՆ-ի նկատմամբ։
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնն անընդունելի է համարել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի հարվածները, ընդգծել, որ նման գործողությունները ռազմական հանցագործություններ են: Լրագրողին ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, թե նա «ցածր ինտելեկտ» ունի։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
