7 ապրիլի 2026 – 17:36 AMT
PanARMENIAN.Net – Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք հնարավոր չի լինի վերականգնել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես էլ կլինի: Այնուամենայնիվ, այժմ, երբ մենք ունենք ռեժիմի լիակատար փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքեր, գուցե հեղափոխականորեն հրաշալի ինչ-որ բան տեղի ունենա, ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք այս գիշեր՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը։ 47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն», – գրել է նա:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության հիմնական ռազմական նպատակները արդեն կատարված են, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Կա ևս մի բան, որ մենք կցանկանայինք անել… Բայց ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ռազմական խնդիրները կատարված են», – ասել է Վենսը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ավելի վաղ IRNA իրանական պետական գործակալությունը հաղորդել է, որ Թեհրանը, պատասխանելով ԱՄՆ առաջարկին, մերժել է հրադադարի հնարավորությունը՝ ընդգծելով հակամարտության լիակատար դադարեցման և պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, պատասխանում ներկայացված են եղել Իրանի պահանջները՝ կապված Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության ապահովման հետ։ Այդ ֆոնին, ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության մասին տեղեկությունների պայմաններում, Իրանում մեկնարկել է կամավորների հավաքագրման արշավ երկրի պաշտպանության համար։
Նախորդ օրը Թրամփը սպառնացել է Իրանին, որ ապրիլի 7-ին կոչնչացնի «կամուրջները և էլեկտրակայանները»՝ կոչ անելով բացել Հորմուզի նեղուցով նավարկության համար, հակառակ դեպքում, նրա խոսքով, իրանցիները «կապրեն դժոխքում»։ Թեհրանում հայտարարել են, որ վճռական պատասխան են տալու, եթե Վաշինգտոնը իրականացնի իր սպառնալիքները։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ շարունակվում են փետրվարի 28-ից, և այդ ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել։