ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանգնած է վճռորոշ որոշման առջև՝ սկսել Իրանի ենթակառուցվածքների թիրախավորված ոչնչացո՞ւմը, թե՞ տեղի տալ միջնորդների հորդորներին։
Ըստ Axios-ի՝ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր Իրանում «իսկական դժոխք» ստեղծել, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը։ Այս պահին Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդները փորձում են կողմերի միջև գործարք կնքել կամ գոնե ժամանակ շահել՝ հարվածները կանխելու համար։
Նախագահի վարչակազմի ներսում տեսակետները բաժանվել են։ Մինչ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները հակված են համաձայնության հասնելու փորձերին, հենց ինքը՝ Թրամփը, համարվում է ամենամարտական տրամադրված անձը։ Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները, ինչպես նաև սենատոր Լինդսի Գրեմը հորդորում են նախագահին չգնալ հրադադարի, քանի դեռ Իրանը զիջումների չի դիմել նեղուցի բացման և ուրանի հարստացման հարցերում։
