«Իմ մայր»․ Անապայի հայուհիների բարեգործական ուխտը․ «Սփյուռքի ձայնը»

Աշխարհասփյուռ հայության պատմության մեջ հայրենիքի համար բախտորոշ պահերին Սփյուռքը միշտ եղել է այն հաստատուն թիկունքը, որը պատրաստ է իր վերջին խնայողությունն ու էներգիան ներդնել հանուն հայրենիքի։ Այսօր այդ նվիրումի վառ օրինակներից է Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում գործող «Իմ մայր» բարեգործական կազմակերպությունը։

«Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի շրջանակներում կազմակերպության անդամներ Արուս Մուրադյանն ու Նարինե Կարապետյանը պատմել են իրենց գործունեության մասին, որը սկիզբ է առել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին՝ որպես արձագանք հայրենիքի կանչին։

Կինը՝ որպես ինքնության և թիկունքի պահապան

Հայ կինը պատմականորեն եղել է ոչ միայն օջախի պահապանը, այլև ազգային ոգու փոխանցողը։ Անապայի հայուհիների համար հայրենիքի ցավը դարձել է գործելու մղիչ ուժ։ «Հայ կնոջ դերը մեծ է մեր ամբողջ պատմության ընթացքում։ Մեր ուսերին դրված է հսկայական պատասխանատվություն. մենք պարտավոր ենք ոչ միայն արժանապատիվ զավակներ դաստիարակել, այլև լինել մեր ազգի դեմքն օտարության մեջ։ Ճանաչելով մեզ, մեր ընտանիքն ու վարքագիծը՝ օտարները կարծիք են կազմում ողջ հայ ժողովրդի մասին»,- նշում է Արուս Մուրադյանը։

Անմնացորդ օգնություն զինվորին. մայրական խնամք սահմանից հեռու

Պատերազմի առաջին իսկ օրերից «Իմ մայր» կազմակերպությունը համախմբել է համայնքը՝ կազմակերպելով բարեգործական համերգներ ու տոնավաճառներ։ Սակայն նրանց գործունեության ամենածանր ու պատասխանատու մասը վիրավոր զինվորների խնամքն էր։ Նարինե Կարապետյանը, ով անձամբ է համակարգել բժշկական փաստաթղթերի և կապի հարցերը, ցավով է հիշում այդ օրերը. «Մենք կապ էինք հաստատում զինվորների հետ, ովքեր կորցրել էին ձեռքերը, ոտքերը կամ դեմքի հատվածներ։ Մանրակրկիտ ստուգում էինք բժշկական բոլոր թղթերը, կապվում հիվանդանոցների հետ, որպեսզի համոզվեինք, որ յուրաքանչյուր լուման հասնում է հասցեատիրոջը»։ Կազմակերպության ջանքերով նաև զգալի օգնություն է հասել Սյունիքի սահմանամերձ Խնածախ գյուղին, որտեղ բարերարների միջոցներով խմելու ջրագիծ է անցկացվել։

Անապայի հայկական դպրոցը. ազգապահպանության դարբնոցը

Համայնքում ազգային ինքնության պահպանման ամենակարևոր ձեռքբերումը հայկական դպրոցի հիմնադրումն էր։ Կազմակերպության անդամ Կարինե Փիլոյանի նախաձեռնությամբ և բարերար Տիգրան Ավդալյանի տրամադրած առանձին շենքում բացվեց դպրոցը, որն այսօր ավելին է, քան պարզապես կրթօջախ։ Այստեղ երեխաները սովորում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, ինչպես նաև հայկական պարեր ու նկարչություն։

Հայաստանը՝ որպես կրթական և գաղափարական առանցք

Չնայած Սփյուռքի ինքնակազմակերպման մեծ ներուժին, համայնքի ներկայացուցիչները վստահ են՝ առանց հայրենիքի ուղղորդող դերի ջանքերը կարող են հատվածական լինել։ Արուս Մուրադյանը կարևորում է Հայաստանի պետական հոգածության ներքո գործող դպրոցների գաղափարը. «Եթե մեր երեխաները սովորեին Հայաստանից համակարգվող դպրոցներում, մենք կունենայինք ընդհանուր «գաղափարական բանակ» բոլոր մայրցամաքներում։ Անկախ բնակության վայրից՝ մեր սերունդները պետք է կրեն նույն ազգային տրամաբանությունը, ինչ Հայաստանում ապրող հայը»։

Leave a Comment