«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի մոտակայքում՝ ի նշան Ընտրական օրենսգրքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագծի դեմ բողոքի։ Նրանք ԱԺ-ի դարպասներին փակցրել էին «Փաշինյանը չի կարող կանգնեցնել փոփոխությունը» գրությամբ պաստառներ։
Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով ՔՊ-ն առաջարկում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումների մեջ անձնանունների օգտագործումը։ «Ուժեղ Հայաստանը» ընտրություններին մասնակցելու էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով, որն անձնանուն է պարունակում։
Կուսակցության ներկայացուցիչ իրավապաշտպան Գոհար Մելոյանը հայտարարեց, որ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է և հենց ԱԺ-ն պետք է պետք է գործադիր իշխանությանը վերահսկի, մինչդեռ դարձել է գործադիր իշխանության կամակատար։
«Ինչո՞ւ ենք մենք այսօր այստեղ գտնվում, սա կոչ է և օրինակ է յուրաքանչյուր հայ մարդու, գնացե՛ք հունիսի 7-ին տեղամասային կենտրոններ, կատարեք ձեր քվեն, որովհետև եթե դուք անվստահության արդյունքում հրաժարվում եք ներկա գտնվել և ձեր ընտրությունը կատարել, դուք ձեր բացակայությամբ կամ անգործությամբ ձեր ձայնը տալիս եք այսօր գործող իշխանությանը»,- շեշտել է նա։
Մելոյանի խոսքով՝ կուսակցությունը միջազգային գործընկերների հետ փակ հանդիպումների ժամանակ լսել է նրանց լուրջ վրդովմունքն ու զարմանքը իշխանության գործելաոճից։
«Մենք այստեղ ձեր ներկայությամբ երկու կոչ ենք հղում, թե՛ արտաքին աշխարհին։ Խոսեցին հիբրիդային հարձակումներից, սրանից ավելի բացահայտ ընտրական գործընթացի միջամտության օրինակ չի լինում։ Եվ սա կոչ է նաև մեր քաղաքացուն, մենք քաղաքացուն կոչ ենք հղում, որ ինքն է առաջնային աղբյուրը իշխանության և պետք է չհանդուրժի, կրկին անկախ այն հանգամանքից մեզ է սատարում, թե որևէ այլ քաղաքական ուժի»,- պարզաբանել է նա։
Մելոյանի համոզմամբ՝ իշխանությունները շրջանցում են իրավական, սահմանադրիրավական նորմերը, ենթադրվում են իրավական գործընթացներ՝ դատարաններ են շրջափակվում վարչապետի կոչով, մարդիկ քաղբանտարկյալ են դառնում ու որևէ արձագանք տեղի չի ունենում։
«Դա կոչվում է ճգնաժամ, մենք քաղաքական և սահմանադրայրավական ճգնաժամային պայմաններում ենք, իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, մենք հիմա լուռ նստենք ամեն անգամ ու հանդուրժենք ինչպես է հերթական լրջագույն սահմանադրայրավական նորմը խախտվո՞ւմ»,- հակադարձել է Մելոյանը՝ մեկնաբանելով լրագողի հարցը, թե բողոքի ակցիան ԱԺ-ին չի խանգարի ընդունել նախագիծը։
Կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը ԸՕ փոփոխությունների մասին նախագծի քննարկումն անվանել է «պրիմիտիվ վախի դրսևորում»։
«Վերջերս տեսնում ենք՝ հաճախ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է «ուժեղ տղերքի» մասին։ Բա ուժեղ տղերքը արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դի՞րքն է»,- հարցրեց Վարդևանյանը։
Նրա կարծիքով՝ սոցիոլոգիական հարցումների տվյալներից պարզ է դառնում, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։
«Երբ 10 ամիս առաջ մեր հանրությունը տեսավ ինչ աստիճան ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում մեկնարկեց Սամվել Կարապետյանի նկատմամբ «մեր ձևով կմասնակցենք մեր Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասության համար, դա ակնհայտ էր, որ վախի դրսևորում էր։
Երբ Երևան քաղաքում փակցվել էին Սամվել Կարապետյանի լուսանկարները և ոստիկանության ծառայողները, քաղաքապետարանի ծառայողները համառորեն պայքարում էին վճռականորեն ամեն մի լուսանկարի դեմ, դա վախի դրսևորում էր։
Երբ այսօր արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել որպես դաշինքի անվանման մեջ, սա ամենամեծ վախի դրսևորումն է»,- պարզաբանել է փաստաբանը։
Կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Ալեքսանյանը հայտարարել է, որ այս իշխանություններից սպասելի է ամեն ինչ, սակայն ժողովրդի՝ փոփոոխությունների հասնելու կամքն անհնար է կոտրել։
«Վերջիվերջո այս մարդիկ, այս իշխանականները պետք է հասկանան, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, մեր ժողովուրդը իր որոշումը կայացրել է, մեր ժողովրդին պետք են փոփոխություններ, ժողովուրդն էլ հասկացել է, թե իր համար լավ փոփոխություններ ու առհասարակ փոփոխություններ ով կարող է բերել»,- հայտարարել է նա։ Ալեքսանյանի խոսքով՝ այդ փոփոխությունները երկրին կարող է բերել Կարապետյանը, որն էլ իշխանությունների խոճապի պատճառն է։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:
