Ամերիկյան Orion տիեզերանավը՝ չորս աստղագնացներով, «Արտեմիս II» առաքելության շրջանակում ավարտել է Լուսնի շուրջ պտույտը և այժմ վերադառնում է Երկիր, հայտնել է NASA-ն։
«Այն գտնվում է թռիչքի ավարտական փուլում»,- նշվում է հաղորդագրությունում։
Գրեթե յոթժամյա պտույտի ընթացքում տիեզերանավն իրականացրել է գիտական ուսումնասիրություններ և լուսանկարել Լուսնի մակերևույթի ավելի քան երեք տասնյակ օբյեկտներ։ Առավելագույն մոտեցման պահին սարքը գտնվել է Լուսնի մակերևույթից 6550 կմ հեռավորության վրա։
Նշվում է, որ աստղագնացները շուրջ հինգ ժամ դիտարկել են արևով լուսավորված Լուսնի մակերևույթը։ Նրանք առաջին անգամ ուսումնասիրել են նաև դրա հակառակ կողմը՝ ավելի բարձր և լայն դիտակետից, քան «Ապոլոն» ծրագրի նախորդ ամերիկյան առաքելությունները։
Աստղագնացներն ականատես են եղել Լուսնի մակերևույթին մետեորիտների անկմանը, ինչպես նաև դիտարկել են խավարումը՝ յուրահատուկ դիտակետից, երբ Արևը ծածկվել է Լուսնի հետևում՝ տեսնելով դրա պսակը։
Թռիչքի ընթացքում փաստագրվել են բոլոր օբյեկտները՝ ներառյալ խառնարանների, լանջերի և կառուցվածքների չափերը, ձևերը և նույնիսկ գույները։
NASA-ի տվյալներով՝ Orion-ը, որի անձնակազմում են NASA-ի աստղագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Կոխը, ինչպես նաև Կանադական տիեզերական գործակալության (CSA) աստղագնաց Ջերեմի Հանսենը, ապրիլի 10-ին կվերադառնա Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում։
Orion տիեզերանավը արձակվել է ծանր դասի SLS հրթիռակիրով Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ տիեզերակայանից ապրիլի 1-ին։
