Արցախի թեմի նախկին առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մտերիմ շրջապատում խոստովանել է, որ չի բացառվում առաջիկայում հանդիպում խնդրի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ՝ փորձելով ներողություն հայցել, գրել է «Իրավունք» թերթը։
Ըստ հրապարակման՝ եպիսկոպոսը հայտնել է, որ պատրաստվում է ճնշումների գործոնով բացատրել իր քայլերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միանալու և վեհափառի հրաժարականի պահանջը դնելու վերաբերյալ։
«Կասեմ, որ ճնշման (նաժիմի) տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»,- ըստ թերթի՝ նշել է նա մտերիմների հետ զրույցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ից պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Հունվարի 5-ին Փաշինյանը և նրան միացած տասը եպիսկոպոս, որոնց թվում Վրթանես սրբազանը, հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:
«Քաղաքացիական պայմանագիրը» կաթողիկոսի հեռացման հարցը ներառել է իր նախընտրական ծրագրում:
