ՀԷՑ-ում բարձր պաշտոնների են նշանակվել իշխանական շրջանակների հետ կապ ունեցող անձինք. ԶԼՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի նախկին օգնական Յուրա Բազինյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) «Աղստև» մասնաճյուղի տնօրենի խորհրդական, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ Բազինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղալումյանի մանկության ընկերն է։

«Տաշիր կապիտալից» ՀԷՑ-ը պետականացնելուց հետո այդ կառույցը վերածվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու կառույցի, գրել է պարբերականը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Բազինյանը նաև 2022 թվականից զբաղեցնում է Տավուշի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Նմանատիպ կարգավիճակում է նաև Տավուշի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ոստիկանության նախկին սպա Արկադի Հարությունյանը։ Վերջինս էլ, ըստ պարբերականի, նշանակվել է ՀԷՑ «Աղստև» մասնաճյուղի Նոյեմբերյանի էլցանցի ղեկավար։

ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո որակյալ աշխատակիցների մի մասը հեռացվել է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ փետրվարին հայտնել էր, որ վերջին չորս ամսվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումների թիվն աճել է 40%-ով:

Armenia Тoday-ը մարտին Երևանի 5՝ Նոր Նորք, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում շուրջ 80 քաղաքացուց հետաքրքրվել էր ՀԷՑ-ի մատուցած ծառայությունների որակի և էլեկտրաէներգիայի անջատումների հաճախակիության մասին։ Բնակիչների մեծ մասը հիմնականում դժգոհություն էր հայտնել թե՛ անջատումների հաճախակիությունից և թե՛ ՀԷՑ-ի մատուցած ծառայությունների որակից։

Leave a Comment