«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ Նիկոլ Փաշինյանը կամ «առաջին շարքի» քպական «կարկառունները» սկսում են խոսել անվտանգության ապահովման, անվտանգության ու խաղաղության երաշխիքների մասին, առաջին մտազուգահեռումը «անձնականն ու պետականը շփոթելու» հետ է կապվում: «Կովկասի գերուհին» հանրաճանաչ ֆիլմի հայտնի արտահայտության նման:
Ոչ առաջին անգամ քպականներն իրենց ղեկավարի գլխավորությամբ հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը… Ադրբեջանն է: Կամ ավելի վատ՝ Թուրքիան: Թուրքիայի «երաշխավորած» անվտանգության հետևանքները Հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած այլ հայահոծ շրջանների տոտալ հայաթափումը, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության հետքերի վայրագ ոչնչացումն են: Գումարած՝ շարունակվող թշնամական վերաբերմունքն ու քաղաքականությունը: Իսկ Ադրբեջանի կողմից «խաղաղության երաշխավորման» հետևանքները շատ ավելի թարմ են ու տակավին չսպիացած. Արցախի բռնի հայաթափում, Արցախում հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության վայրագ ոչնչացում: Բայց չշեղվենք, վերադառնանք ներկա:
Իսկ ի՞նչ է անում ներկայում Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ բացի այն, որ Հայաստանի քաղաքացիներին սպառնում է պատերազմով, եթե իրեն հունիսի 7-ին մերժեն, Փաշինյանը առկա իրավիճակը հանրության վրա սաղացնում է որպես «հարատև խաղաղություն»: Մինչդեռ այդ խախուտ խաղաղությունն անգամ որևէ լիարժեք փաստաթղթով ամրագրված չէ: Այն, ինչ ներկայացվում է որպես փաստաթուղթ, ընդամենը նախաստորագրված թղթի կտոր է: Էլ չենք ասում այն մասին, որ խաղաղությունները փաստաթղթերով չէ, որ երաշխավորվում են: Եթե խիստ հակիրճ, ապա խաղաղության ապահովման հիմնական պայմաններն ուժերի, արտաքին-քաղաքական հնարավորությունների համադրելի հավասարակշռությունն ու ազդեցիկ երաշխավորների ու նրանց հետ փոխպայմանավորված երաշխիքների առկայությունն են: Եվ այդ խորապատկերում լիովին ընկալելի է ընդդիմադիրների առաջադրած թեզը՝ «երաշխավորված խաղաղության» վերաբերյալ:
Լավ, բայց ի՞նչ ունենք, ինչպես ավում է՝ «գետնի վրա»: Իսկ գետնի վրա ունենք այն, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը ու դրա շարունակվելը ձեռնտու են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային: Ու նրանք ապահովում են Փաշինյանի իշխանության անվտանգությունը: Ու եթե քպականների հայտարարությունները դիտարկում ես այս լույսի ներքո, ապա նրանք նույնիսկ ճիշտ են ասում. Ադրբեջանն, այո, անվտանգության երաշխավոր է, բայց իրե՛նց անվտանգության, ոչ թե Հայաստանի:
Մինչդեռ հասկանալի է, որ եթե հունիսի 7-ին Փաշինյանը այս կամ այն կերպ պահպանի իշխանությունը, ապա բացի այն, որ դա աղետ կլինի Հայաստանի համար, նաև ադրբեջանական ու թուրքական «բարեհաճություններն» էլ կավարտվեն: Ու այդ ժամանակ արդեն վրա կհասնի վերարտադրվելու համար թուրքական ու ադրբեջանական «ներդրումների» դիմաց վարձահատույց լինելու ժամանակը: Արժե՞ ասել կամ թվարկել, թե Փաշինյանն ինչով կամ ինչերով է վճարելու Ադրբեջանին ու Թուրքիային:
Այն, որ հիմա քպականները հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, ինչպես Հայաստանն է Ադրբեջանի երաշխավորը, անմիջնորդ բանակցությունների հետևանքներից մեկն է: Չնայած, այդ բանակցություններն այնքան էլ առանց միջնորդ չէին, եթե հաշվի առնենք Թուրքիայի դերակատարումն ու Արևմուտքի «ծառայությունները»:
Հա, ի դեպ, իսկ Ադրբեջանը գիտի՞, որ… Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Չէ, իրոք: Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ ոչ մի Հայաստան էլ չկա, այլ կա «արևմտյան Ադրբեջան»: Իրենք Հայաստանը այդպես են անվանում: Ադրբեջանը հայտարարում է, թե 300 հազար ադրբեջանական թուրքերի համար Հայաստանը հայրենիք է, ուր նրանք ուզում են վերադառնալ (այսինքն՝ չի թաքցնում Հայաստանը առանց կրակոցի զավթելու նկրտումները): Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, չհաշված նախորդները՝ Սահմանադրությունից, անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ: Վաղը, մյուս օրը դնելու են ավելի դաժան պահանջներ: Հազիվ թե դրանում կասկածող լինի:
Իսկ ընդհանրապես, առաջիկա ընտրությունների առանցքային կոնֆլիկտը, անկյունաքարային երկընտրանքը հետևյալն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը շարունակվի՞, թե՞ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում