Միջամտություն ընտրություններին․ «Ուժեղ Հայաստանը»՝ անձնանունների դեմ ՔՊ-ի նախագծի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը՝ որակելով այս նախաձեռնությունը «կռիվ Սամվել Կարապետյանի անվան հետ»։

ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան է ներկայացվել ապրիլի 6-ին: Փաստաթուղթը մշակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից։

Ըստ նախագծի՝ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ (հատուկ անուններ), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման տարբերակներ։

Իշխող ուժն այս հարցով հրավիրում է ԱԺ արտահերթ նիստ։

Մելոյանի խոսքով՝ իշխող ուժը փորձում է փոփոխել խաղի կանոնները ԿԸՀ փաստաթղթերի ընդունման մեկնարկից օրեր առաջ, քանի որ «Ուժեղ Հայաստանը» մտադիր էր ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։

Իրավապաշտպանը շեշտել է, որ սա բացահայտ միջամտություն է ընտրական գործընթացին, ինչն արգելվում է Վենետիկի հանձնաժողովի կանոնագրքով։

Leave a Comment