«Արտեմիս 2»-ի վճռորոշ փուլը. 40 րոպե առանց Երկրի հետ կապի

«Արտեմիս 2»-ի վճռորոշ փուլը. 40 րոպե առանց Երկրի հետ կապի

Այս օրը պատմական է «Արտեմիս 2» առաքելության համար. տիեզերանավը կմոտենա Լուսնի «ազդեցության գոտուն» և կսկսի պտույտը նրա շուրջը: Սա մարդկության համար նոր ռեկորդ կլինի: Լուսնին մոտենալու ընթացքում Երկրի հետ կապը 40 րոպեով կընդհատվի, քանի որ տիեզերագնացները կհայտնվեն Լուսնի հակառակ կողմում, որը մինչ օրս ոչ մի մարդ սեփական աչքերով չի տեսել:

Նախապատրաստական քայլեր

Նախապես մանրակրկիտ մշակվել է Լուսնի շուրջ պտույտի պլանը՝ նշելով այն հատվածները, որոնք պետք է լուսանկարվեն և հետազոտվեն: Տիեզերագնացներն ուսումնասիրում են ոչ միայն Լուսինը, այլև տիեզերանավի կենսապահովման համակարգերը: «Սա տիեզերագնացների առաջին թռիչքն է այս նավով, և հենց այս տվյալներն են մեզ համար ամենակարևորը», – հայտարարել է NASA-ի ղեկավարությունը։ Այս առաքելությունը հնարավորություն կստեղծի ապագա թռիչքների համար, ինչպիսիք են՝ «Արտեմիս 3»-ը (2027 թ.) և «Արտեմիս 4»-ը (2028 թ.), որոնց շրջանակում նախատեսվում է վայրէջք կատարել Լուսնի մակերեսին:

Լուսնի շուրջ պտույտ՝ 50 տարի անց

Առաջիկա ժամերի ընթացքում տիեզերագնացները կդիտարկեն Լուսինը թե՛ սեփական աչքերով, թե՛ հատուկ սարքավորումների միջոցով: Նրանք կտեսնեն տարածքներ, որոնք նախկինում մարդիկ չեն տեսել, օրինակ՝ «Արևելյան ծով» (Mare Orientale) ավազանը։

40 րոպե լռություն

Երբ «Օրիոն»-ը հայտնվի Լուսնի հակառակ կողմում, Երկրի հետ կապը կընդհատվի շուրջ 40 րոպեով: Դա տեղի կունենա, քանի որ Լուսնի զանգվածը կփակի ռադիոալիքների ճանապարհը:

«Այդ ընթացքում եկեք լինենք միասնական. աղոթենք և դրական մտքեր ուղարկենք՝ Երկրի հետ կապի հաջող վերականգնման համար»,- ասել է առաքելության օդաչու Վիկտոր Գլովերը։

Առաքելության ժամանակացույցը (ժամանակագրություն)

  • 22:15 – «Օրիոն»-ը կսկսի Լուսնի շրջանցումը:
  • 22:45 – Տիեզերագնացները կսկսեն Լուսնի դիտարկումները:
  • 02:44 – Տիեզերանավը կհայտնվի Լուսնի հակառակ կողմում. կապը կընդհատվի:
  • 03:02 – Տիեզերանավը կլինի Լուսնին ամենամոտ կետում (մոտ 6,500 կմ հեռավորության վրա):
  • 03:07 – «Օրիոն»-ը կգտնվի Երկրից ռեկորդային՝ մոտ 406,700 կմ հեռավորության վրա:
  • 03:45 – Աստղագնացները կտեսնեն «երկրածագը». Երկրի հետ կապը կվերականգնվի:
  • 05:20 – Լուսնի դիտարկումների ավարտ և վերադարձի փուլի մեկնարկ:

Գիտական նշանակությունը

Տիեզերագնացները պետք է լուսանկարեն 30 հիմնական օբյեկտ, այդ թվում՝ «Արևելյան ծով» ավազանը և Հերցշպրունգի խառնարանը: Այս երկու կազմավորումների համեմատությունը գիտնականներին կօգնի հասկանալ Լուսնի մակերեսի փոփոխությունները վերջին միլիարդավոր տարիների ընթացքում:

Leave a Comment