Եթե էսկալացիան շարունակվի, կարող են լինել ցամաքային հարձակումներ. Բենիամին Պողոսյան

Եթե էսկալացիան շարունակվի, կարող են լինել ցամաքային հարձակումներ. Բենիամին Պողոսյան

Թրամփը սպառնացել է վաղը «դժոխքի վերածել» Իրանը, իսկ Իրանը խոստացել է դժոխքի վերածել ողջ Մերձավոր Արևելքը՝ Միջերկրական ծովից մինչև Պարսից ծոց, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը։ 

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։

-Պարո՛ն Պողոսյան, Թրամփը կիրագործի՞ իր հայտարարությունը։

-ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի գործողությունների վերաբերյալ որևէ գնահատական տալը բավականին բարդ է, որովհետև հաճախ արվում են քայլեր, որոնք այնքան էլ չեն տեղավորվում ռացիոնալ տրամաբանության մեջ։ Օրինակ՝ Իրանի դեմ սկսված պատերազմը և այն հույսերը, թե 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի հասնել ռեժիմի փոփոխության կամ, առնվազն, Գերագույն առաջնորդի սպանությունից հետո կընտրվի ավելի ամերիկամետ կամ չեզոք հոգևոր առաջնորդ, և Իրանը կկատարի ԱՄՆ-ի բոլոր պահանջները։ Ականատես ենք լինում, որ Միացյալ Նահանգների վարչակազմն արտաքին քաղաքականության մեջ հաճախ է թույլ տալիս սխալներ, որոնք հիմնված չեն ռացիոնալ հաշվարկների վրա։

Իր հայտարարություններով նա փորձում է հնարավորինս արագ դուրս գալ այս թակարդից՝ նկատի ունեմ իրանական պատերազմը։ Միևնույն ժամանակ, ցանկանում է հեռանալ այնպես, որ թե՛ իր համակիրների, թե՛ միջազգային շրջանակներում տպավորություն ստեղծի, թե հաղթել է կամ, առնվազն, չի պարտվել։ Եթե այս պահին, օրինակ, Թրամփը հայտարարի, որ դադարեցնում է հարվածները, ինքը, բնականաբար, կասի՝ «ես հաղթել եմ», սակայն բոլորի համար պարզ կլինի, որ հաղթանակն ավելի շատ Իրանի կողմն է։ Թրամփը ցանկանում է թե՛ ԱՄՆ-ի ներսում, թե՛ արտաքին աշխարհի մոտ ստեղծել պատերազմն «ոչ-ոքի» ավարտելու պատրանք։ Իրանում հասկանում են, որ Թրամփը ոչ մի ցանկություն չունի ներգրավվելու հերթական անվերջանալի պատերազմի մեջ և թույլ տալու, որ այն ամիսներ կամ տարիներ տևի։ Եթե ռազմական գործողությունները ձգվեն մինչև ամառ կամ մոտենան 2026 թվականի աշնանը, ապա Թրամփը հարկադրված կլինի դադարեցնել դրանք, նույնիսկ եթե դա ընկալվի որպես Միացյալ Նահանգների պարտություն։

-Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ կողմերը որևէ առաջարկի շուրջ համաձայնության կգան։

-Միանշանակ պնդելը բարդ է․ երկու տարբերակն էլ հավանական են։ Կողմերը կարող են գալ մի այնպիսի համաձայնության, որը թույլ կտա երկուսին էլ պնդել սեփական հաղթանակի մասին, և ռազմական գործողությունները կդադարեն՝ գոնե կարճաժամկետ հեռանկարում։ Իսկ թե դրանից հետո երկարաժամկետ պայմանավորվածություն կկնքվի՞, թե՞ ռազմական գործողությունները կվերսկսվեն (օրինակ՝ Իսրայելը կշարունակի թիրախային հարվածները), արդեն հարցի մյուս կողմն է։ Բայց գոնե կարճաժամկետ կտրվածքով ԱՄՆ-Իրան բախումների դադարեցման հավանականությունը կա։

Մյուս կողմից՝ հնարավոր է նաև, որ կողմերը չկարողանան պայմանավորվել, և այդ դեպքում մենք կտեսնենք էսկալացիայի շարունակություն։ Այսինքն՝ Միացյալ Նահանգների ուժերն ավելի ինտենսիվ հարվածներ կհասցնեն, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտներին․ կոչնչացվեն համալսարաններ, հիվանդանոցներ, էլեկտրաէներգիայի արտադրության, գազի վերամշակման և այլ էներգետիկ հանգույցներ։ Բնականաբար, Իրանը կպատասխանի իր հնարավորությունների սահմաններում։

-Արդյո՞ք լայնածավալ գործողությունների, հատկապես՝ ցամաքային ներխուժման ականատես կլինենք։

-Եթե կողմերին չհաջողվի գնալ առաջին տարբերակով և պայմանավորվածության հասնել, իսկ էսկալացիան շարունակվի, ապա ցամաքային հարձակումներ կարող ենք ակնկալել։ Հնարավոր է հարձակում Պարսից ծոցում գտնվող այն երեք կղզիների վրա, որոնք վիճարկվում են Իրանի և ԱՄԷ-ի միջև։ Չեն բացառվում նաև այլ գործողություններ Իրանի ներսում, օրինակ՝ հատուկ ստորաբաժանումների կիրառմամբ։ Եթե էսկալացիան խորանա, այն կարող է ուղեկցվել ցամաքային գործողություններով՝ առնվազն հազարավոր ամերիկյան զինվորների մասնակցությամբ։

-Թեհրանը Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունները որակել է որպես «պատերազմական հանցագործություն կատարելու մտադրության» հստակ ապացույց: Դուք համամի՞տ եք։

Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, հետևաբար հստակ իրավական գնահատական տալը դժվար է, սակայն մի բան ակնհայտ է. կա միջազգային հումանիտար իրավունք, որն արգելում է հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական օբյեկտները թիրախավորել չի կարելի։ Հետևաբար, եթե ԱՄՆ-ն շարունակի թիրախավորել համալսարաններն ու կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ (ինչն արդեն տեսնում ենք), ապա, այո՛, Ձեր նշած հարցի վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առաջանում։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment