6 ապրիլի 2026 – 17:33 AMT
PanARMENIAN.Net – Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մարտունիում գյուղացիների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Հանդիպումից տեսանյութը հրապարակվել է նրա ֆեսյբուքյան էջում:
«Այսօր Եվրոպան Ռուսաստանի հետ թշնամի է, իսկ մենք Ռուսաստանի հետ բարեկամ-դաշնակից պետություններ ենք։ Եթե մենք հակառակ ենք ուզում անենք ու գնանք Ռուսաստանի թշնամու հետ՝ Ռուսաստանն ասում է ընտրիր»,- նշել է նա։
Նորադուսում հանդիպման ժամանակ նա նաև պատասխանել էր ապրիլի 1-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և և ՌԴ նախագահ Վ։ադիմիր Պուտինի հանդիպման մասին հարցին:
«Պուտինն ի՞նչ է ասում, եթե մենք գործընկեր ենք, իրար հետ ենք, պետք է իրար հետ ընկերություն անենք, իրար շահերը պաշտպանենք։ Եթե դու մեր կողմը չես, դու մեր հակառակորդի՝ թշնամու կողմն ես, ուրեմն մեր հարաբերությունները կշեղվեն։ Էդքան բան։ Մենք մեր դաշնակիցների հետ պետք է լիարժեք պայմանավորվենք»,-ասել է Ծառուկյանը:
Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը։ Այդ մասին հայտնել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի միաժամանակյա մասնակցությունը ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության մաքսային համակարգերին անհնար է տնտեսական պատճառներով։
«Երբևէ, գուցե տարիներ անց, մենք՝ ԵՎրԱզԷՍ-ը և Եվրամիությունը, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի ի վերջո, ապրում ենք նույն մայրցամաքում, կկարողանանք կարգավորել (վիճելի հարցերը – խմբ.)։ Բայց երբ դեռ ուկրաինական ճգնաժամից առաջ մենք փորձում էինք եվրոպացիների հետ պայմանավորվել համատեղ աշխատելու մասին, ոչինչ չստացվեց։ Նրանք գրեթե յուրաքանչյուր հարցում, ինչպես ինձ այն ժամանակ թվում էր, նույնիսկ մանր հարցերում, շատ կոշտ դիրք են զբաղեցնում», -ասել է Պուտինը։