ՌԴ-ի ազդակները և տնտեսական գործոնը. փորձագետների անդրադարձը Փաշինյան-Պուտին հանդիպմանը

ԱՊՐԻ-Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը և քաղաքագետ Դավիթ Հարությունովը գնահատել են Armenia Today-ին ապրիլին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներն ու դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա։

Հակասությունների հանրայնացում և ներքաղաքական ազդակներ

Հարությունովի գնահատմամբ՝ կողմերն այլևս չեն փորձում թաքցնել տարաձայնությունները և առաջին անգամ ամենաբարձր մակարդակով բացահայտ խոսվեց դրանց մասին:

Փորձագետների կարծիքով՝ առաջին անգամ ամենաբարձր մակարդակով պրոտոկոլային հանդիպման ժամանակ բացահայտ խոսվեց առկա հակասությունների մասին, մինչդեռ նախկինում ընդունված պրակտիկա էր, որ միայն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներն են ինչ-որ ձևով «մեսիջներ» ուղարկում առկա խնդիրների վերաբերյալ։

Փորձագետի դիտարկմամբ, առաջին անգամ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել բարձր մակարդակով քննարկել Հայաստանի ներքաղաքական գործընթացները, որովհետև նախկինում Ռուսաստանը իհարկե, ունենալով դիրքորոշում ինչ-որ գործընթացների մասին, այդ մակարդակի վրա բացահայտ դրա մասին չէր խոսում:

Հարությունովը նկատել է, որ Մոսկվայի կողմից հնարավոր ճնշումների փորձը պայմանավորված է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների նախօրեին իշխանությունների դիրքերի թուլացմամբ:

Պողոսյանն իր հերթին նշել է, որ Մոսկվայի դժգոհությունները պայմանավորված են 2020-2023 թթ. իրադարձությունների վերաբերյալ Երևանի հնչեցրած պաշտոնական տեսակետներով, որոնք ռուսական կողմն ընկալում է որպես քննադատություն իր հասցեին: 

«Ռուսաստանը կցանկանար այդպես խոսակցության վերջ դնել և չէր ցանկանա, որպեսզի դժգոհությունը Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից օգտագործվեր մեր քաղաքական քննարկումներում»,- պարզաբանեց նա։

Պողոսյանի դիտարկմամբ՝ «մոլդովական սցենարի» հիշատակմամբ Մոսկվան ակնարկում է, որ չէր ցանկանա Հայաստանում տեսնել այնպիսի զարգացումներ, որոնք ուղեկցեցին Մոլդովայի ընտրական գործընթացները 2025 թվականին։

Փորձագետի դիտարկմամբ՝ դժգոհությունների հանրայնացումն ամենաբարձր մակարդակով նպատակ ուներ հակադրվելու Հայաստանում տարածված այն թեզին, թե Մոսկվան պաշտոնական Երևանի քաղաքականությունից էական դժգոհություններ չունի։ Փորձագետը չի բացառել, որ Ռուսաստանի նախագահի ուղերձը հասցեագրված էր հասարակության լայն շերտերին՝ որպես ազդակ առ այն, որ առկա տարաձայնությունների պահպանման դեպքում Մոսկվայի հնարավոր պատասխան քայլերը կարող են ուղղակիորեն անդրադառնալ հանրության կենսամակարդակի վրա։

Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանի կողմից հանդիպումը «հաջող» որակելը փորձագետները բացատրում են հարաբերություններում առկա կառուցողական կողմն ընդգծելու փորձով։ Պողոսյանի դիտարկմամբ՝ վարչապետի կողմից հանդիպումը «շատ հաջող» որակելը կարող է վերաբերել բանակցությունների փակ հատվածին։ Փորձագետը հատկապես առանձնացնում է ռազմատեխնիկական ոլորտում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները, որոնք նույնպես կարող են էական ձեռքբերում համարվել երկկողմ հարաբերությունների համար։

«Վերջին տարիներին հենց Հայաստանի իշխանություններն էին հայտարարում, որ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունը գրեթե զրոյական է, եթե յոթ-ութ տարի առաջ 90% պլյուս էր։ Վերջին երկու տարիներին մենք շատ ենք լսում հայտարարություններ, որ այդ մասնաբաժինը 5%-ից է նվազել և ձգտում է զրոյի։ Այսինքն նորից գուցե ՌԴ-ի տեսակարար կշիռը կարող է բարձրանալ։ Համենայն դեպս, ռազմատեխնիկական ոլորտում ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, այսինքն Հայաստանը նոր ռուսական զենքեր է գնելու, թե ինչ է լինելու, այս պահի դրությամբ մնում է չբացահայտված»,- պարզաբանեց փորձագետը։

Հարությունովը Փաշինյանի գնահատականը բացատրել է ներքաղաքական լսարանի համար լարվածությունը նվազեցնելու ձգտմամբ։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները չեն ուզում ընդունել, որ խնդիրները այդքան շատ ու խորն են ռուսական կողմի հետ, փորձելով նվազեցնել իրավիճակի զգայունությունը, ինչը ներքաղաքական համատեքստում ընդունված պրակտիկա է:

Տնտեսական գործոններ և հաղորդակցության ուղիներ

Փորձագետները մատնանշել են նաև տնտեսական գործոնների կարևորությունը։ Պողոսյանի դիտարկմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը հստակ ազդակ էր Հայաստանի ղեկավարության խոսքի և գործի հնարավոր անհամապատասխանության վերաբերյալ։ Ռուսաստանի փոխվարչապետը նաև մատնանշել է, որ հայկական բիզնեսի համար ռուսական շուկայի հասանելիությունը կարող է ուղղակիորեն փոխկապակցվել Հայաստանում ռուսական կապիտալի գործունեության համար ստեղծված պայմանների և վերաբերմունքի հետ։

«Նշվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրությունների բացակայության մասին, մինչդեռ իրականում ուղղակի քայլեր են արվում ռուսական բիզնեսը Հայաստանից դուրս մղելու ուղղությամբ։ Այսինքն ընդհանուր Ռուսաստանում կա մտահոգություն և որոշակի դժգոհություն Հայաստանի կառավարության քայլերից և կա նաև ակնարկ, որ եթե այս գործողությունները շարունակվեն, ապա դրանք կհանգեցնեն մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ինքը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։

Հարությունովի կանխատեսմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կարող է սկսվել երկաթուղային հաղորդակցության շուրջ լարվածության նոր փուլ, քանի որ ռուսական կողմը հակված չէ արագացնելու հարցի կարգավորումը։ Խոսքը վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման կոնցեսիան Ռուսաստանից Ղազախստանին փոխանցելու Երևանի առաջարկին։

«Ակնհայտ է, որ Երևանը չի ուզում գնալ ավելի լարելու Ռուսաստանի հետ հարաբերությունները ու այդպիսի քայլեր ձեռնարկի, որ ինչ-որ որոշումով վերցնի վերահսկողությունը երկաթուղու վրա»,- նշեց նա։

Հարությունովի կարծիքով՝ TRIPP նախաձեռնության շուրջ ձևավորված անորոշությունը կարող է հանգեցնել նոր դժվարությունների, քանի որ կողմերի մոտեցումները նախագծում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ էապես տարբերվում են։

«Նրանք չեն ընդունում ու չեն պատրաստվում TRIPP-ի շրջանակներում ինչ-որ համագործակցության։ Հստակ ասվեց, որ Ռուսաստանը ինչ-որ ձևով ներկա լինի նախագծում, ինչը հայկական կողմը բացառում է, և ինքը նախագծի տրամաբանությունը էլ չի նախատեսում։ Այսինքն, այստեղ որոշակի փակուղի է առաջարկում, որը լուրջ խնդիր է առաջացնելու նաև ընդհանրապես TRIPP-ի իրականացման տեսակետից»,- նշեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը կոմունիկացիաների իր մասն արդեն կառուցել է, այսինքն հայկական կողմն է արգելակում պրոցեսը, ինչը լարվածության մեծ կետ է լինելու նախագծի իրականացման համար։

Արաքսյա Սնխչյան

Leave a Comment