Թեհրանը պատրաստել է հակամարտության կարգավորման վերաբերյալ պատասխաններ Վաշինգտոնի առաջարկին և շուտով կհրապարակի դրանց բովանդակությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Միջնորդների միջոցով ներկայացվել էին առաջարկներ, ներառյալ՝ ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած ծրագիրը, որը փոխանցվել էր Պակիստանի և որոշ այլ բարեկամ երկրների միջոցով։ Այդ ժամանակ մենք հայտարարել էին, որ նման առաջարկները չափազանցված են, անսովոր և անտրամաբանական։ Ելնելով մեր շահերից ու նկատառումներից՝ ձևակերպել ենք պահանջների մեր սեփական փաթեթը»,- ասել է նա։
Բաղային նշել է, որ Թեհրանը նախապես գիտեր, թե ինչ է ուզում և ինչպիսի «կարմիր գծեր» գոյություն ունեն։
«Քննարկման հենց սկզբից պատրաստել ենք մեր պատասխանները։ Երբ անհրաժեշտ լինի, ուղղակիորեն կտեղեկացնենք դրանց բովանդակության և հրապարակման ձևի մասին»,- հավելել է նա։
Այսօր ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային մի շարք միջնորդներ քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության վերջնական ավարտին։ Աղբյուրները նշել էին, որ միջնորդները կողմերի հետ քննարկում են երկաստիճան համաձայնագիր։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
