6 ապրիլի 2026 – 13:56 AMT
PanARMENIAN.Net – Սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դրանից օգտվելու հնարավորություն են ստացել նաև միայնակ մայրերը՝ անչափահաս երեխա ունեցող և գրանցված ամուսնություն չունեցող կանայք։ Այդ մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
«Շահառու դառնալու համար պետք է բավարարել մյուս պայմանները․ պարտադիր պետք է ունենալ հողամաս տվյալ բնակավայրում՝ կառուցապատում անելու թույլտվությամբ, շինարարության թույլտվությունը և նախագծանախահաշվային փաստաթղթեր»,- հիշեցրել է Ղարագյոզյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ծրագիրը, որը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքին, կառավարությունը սկսել է սուբսիդավորել 2022 թվականից։ Աջակցության առավելագույն չափը սահմանվել է 16 մլն դրամ։ 2024 թվականից այն տարածվել է միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերի, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղի վրա։
Կառավարության մարտի 19-ի նիստում սահմանվել է արտոնությունների նոր քվոտա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագիրը ընդլայնվել է և ներառել նաև դպրոցամերձ համայնքներ՝ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։
«Դրանք այն համայնքներն են, որոնցում կառուցված դպրոցներում աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50 տոկոսը։ Այստեղ նախատեսել ենք այնքան քվոտա, որ ապահովենք այդ ազատ տեղերի առնվազն 20 տոկոսի համալրվածություն։ Այստեղ հիմնական պայմաններից բացի ունենք նոր պայման․ ամուսինները պետք է ունենան առնվազն մեկ10 տարին չլրացած երեխա, մինչդեռ ընդհանուր ծրագրի դեպքում ուղղակի անչափահաս երեխայի առկայությունն էր պարտադիր»,- նշել է Ղարագյոզյանը։
Բացի այդ, ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա անշարժ գույք Երևանում և վերջին մեկ տարվա ընթացքում հաշվառված լինի մայրաքաղաքում, ինչը նպատակ ունի կանխել կառուցվող տների վերածումն ամառանոցների։
Ծրագրով նախատեսված աջակցությունը կազմում է 16 մլն դրամ, բացառությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար և Կիրանց գյուղերի, որտեղ այն հասնում է 21 մլն դրամի՝ պայմանով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամուսիններից առնվազն մեկը բնակվել և հաշվառված է տվյալ համայնքում։
Ֆինանսավորումը տրամադրվում է 2-4 փուլով, և յուրաքանչյուր հաջորդ փուլը կախված է նախորդի մոնիտորինգի արդյունքներից։
«Եթե հանկարծ կպարզվի, որ առաջին փուլով տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել, աջակցությունը կդադարեցվի, առաջին փուլի մասով էլ վճարումները կդադարեցվեն, և շահառուն պարտավոր է 3 տարի անց ներկայացնել ավարտական ակտը»,- նշել է Ղարագյոզյանը։
Ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, և շահառուների թիվը 2400-ից հասել է մինչև 3820։ Նախատեսվել է, որ 2026 թվականին շահառուների թիվը կավելանա 1170-ով, իսկ ամսական աճը կկազմի մոտ 130 շահառու։
Ծրագիրը կիրառվելու է նաև այն անձանց նկատմամբ, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ արդեն ստացել են շինարարության թույլտվություն կամ ձեռք բերել հողամաս, ինչպես նաև այն բնակավայրերում, որտեղ նախկինում գրանցվել է ցածր դիմելիություն և առկա է դպրոցների թերբեռնվածության խնդիր։
Այս նախաձեռնությունն իրականացնելու նպատակով 2026 թվականի պետական բյուջեում նախատեսվել է մոտ 1 մլրդ 398 մլն դրամի հավելյալ ֆինանսավորում։