Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ զգուշացրել է ՀԱՊԿ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է առավել զգուշավոր և նրբանկատ մոտեցում ցուցաբերի Հայաստանի հետ հարաբերություններում։ Այդ մասին նա հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հետ հանդիպման ընթացքում։

Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությունում առկա ձեռքբերումների հետ մեկտեղ կան նաև խնդիրներ, որոնց մասին ինքը բազմիցս հայտարարել է։ Այդ հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին։ 

«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց շարունակում է մնալ նաև այս կառույցի անդամ: Մենք պետք է շատ նրբանկատ լինենք։ Հայաստանը այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես ընտրական շրջանում», – հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նաև կարևոր է համարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Հայաստանի ղեկավարության միջև հանդիպումների կազմակերպումը։

«Լավ կլիներ, եթե դուք այցելեիք Հայաստան և խոսեիք վարչապետի, նախագահի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ապագայի վերաբերյալ», – հավելել է Բելառուսի նախագահը:

Leave a Comment