
Գերմանիայում «Զատկի ձվերի որսի» ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել։
AP-ի փոխանցմամբ՝ երկրի հյուսիսում, Սաթրուփհոլմի մերձակայքում, ուժեղ քամու հետևանքով մոտ 30 մետր բարձրությամբ ծառը տապալվել է անտառում կազմակերպված միջոցառման ընթացքում և ընկել մարդկանց խմբի վրա։
Զոհերի թվում են 21-ամյա կինն ու 16-ամյա աղջիկը, որոնք մահացել են տեղում, ինչպես նաև 10 ամսական երեխա, որը մահացել է հիվանդանոցում։
Մեկ այլ՝ 18-ամյա երիտասարդ աղջիկ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի պահին տարածքում շուրջ 50 մարդ է եղել։ Տեղում աշխատել են փրկարարներն ու հոգեբանական աջակցության մասնագետները։ Ավելի վաղ եղանակային ծառայությունը զգուշացրել էր ուժեղ քամու մասին։