Տասը տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 5-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական ակտիվ գործողությունները դադարեցին:
Ուժի մեջ մտավ հրադադարի մասին պայմանավորվածությունը, որ Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ ձեռք էին բերել Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետեր Յուրի Խաչատուրովը և Նաջմեդին Սադիկովը:
Երեք օր հետո տողերիս հեղինակը հրավիրվել էր Արցախի Հանրային հեռուստատեսություն: Youtube-ում այդ հարցազրույցի տեսագրությունը պահպանվել է, ցանկացողները կարող են դիտել:
Արձանագրել եմ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների բացառիկ հերոսությունը, որի շնորհիվ թշնամում չի հաջողվել հարավից և հյուսիսից մոտենալ Լաչինի միջանցքին, կրակային հսկողություն հաստատել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հաղորդուղիների նկատմամբ և թելադրել կրակի դադարեցման իր պայմանները:
Քաղաքական առումով երեք ընդգծում եմ արել: Առաջինը, հայկական կողմերը դիվանագիտական բոլոր ջանքերը պետք է գործադրեն և միջազգային հանրությանը համոզեն, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորման նպատակադրվածություն չունի: Ինչպես առաջին պատերազմում, այնպես էլ այս անգամ պաշտոնական Բաքուն փորձել է իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքը անեքսիայի ենթարկելու և հայ բնակչությունը բռնատեղահանելու պետական ծրագիրը: Երկրորդ, գերխնդիր է միջազգայնացնել, որ Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմը նույնպես տանուլ է տվել: Երրորդ, Հայաստանը պետք է հայտարարի, որ Ադրբեջանի ահաբեկիչ իշխանության հետ խաղաղ բանակցություններն անիմաստ են:
Այդպես էլ գաղտնիք մնաց, թե ապրիլյան ռազմական գործողությունները դադարեցնելու Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունը իրավական ի՞նչ հիմքով է կայացել, կա՞ ստորագրված փաստաթուղթ, թե՞ կողմերը բանավոր են համաձայնության եկել: Անհասկանալի էր նաև, թե հրադադարի հաստատման համաձայնության կայացմանը ինչո՞ւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ներկայացուցիչը չի մասնակցել:
Միջազգային առումով Ադրբեջանի ագրեսիան չդատապարտվեց: ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները բավարարվեցին «Վիեննայի օրակարգով», որը Երևանը և Բաքուն հասկանում և ներկայացնում էին տրամագծորեն ներհակ մեկնաբանությամբ: Եթե Հայաստանը կարեւորում էր շփման գծում հրադադարի ռեժիմի հսկման մեխանիզմների ներդրումը, ապա Բաքուն, ընդհակառակը, առաջին պլան էր բերում «կարգավորման սուբստանտիվ բանակցությունները»:
Ադրբեջանի դիրքորոշումն այն էր, որ հրադադարի վերահսկման մեխանիզմներ կարող են ներդրվել միայն «օկուպացված տարածքներից Հայաստանի զորքերը դուրս բերելուց հետո»:
Ապրիլյան պատերազմից հետո միակ գործնական քայլը, որ նախաձեռնեց Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի հետ անվտանգության պայմանագիր ստորագրելու գաղափարն էր, որ, սակայն, այդպես էլ գործնական լուծում չստացավ:
Ըստ այդմ, եթե հետահայաց գնահատելու լինենք, ապա քառօրյա ռազմական գործողությունները կարելի է հաղթանակ գնահատել: Բայց ռազմական հաջողությունը քաղաքական ոչ մի դիվիդենտ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին չբերեց:
Շահեց Ադրբեջանը և միջազգայնացրեց «եթե տարածքները խաղաղ ճանապարհով չվերադարձվեն, ապա դրանք կազատագրվեն պատերազմով» խոսույթը: Քառասունչորսօրյա պատերազմը ապրիլյան ռազմական գործողությունների ուղղակի և անմիջական շարունակությունն էր:
Ըստ երևույթին, տողերիս հեղինակը 2016թ. ապրիլի 8-ին չափազանց լավատես էր, երբ կարծում էր, թե Հայաստանը Ադրբեջանի ագրեսիան ապալեգիտիմացնելու արտաքին քաղաքական ռեսուրս ունի: