ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանային մի շարք միջնորդներ քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավոր պայմանները. գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում մասնակի համաձայնության հասնելու հավանականությունը շատ փոքր է։ Սակայն այս վերջին փորձը միակ հնարավորությունն է՝ կանխելու պատերազմի կտրուկ սրացումը, որը կներառի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ զանգվածային հարվածներ և պատասխան գործողություններ։
Հոդվածում նշվում է, որ կողմերը այս քայլը դիտարկում են որպես երկու փուլից բաղկացած գործարքի առաջին մասը։ Այս ընթացքում նախատեսվում են վերջնական խաղաղության պայմանների շուրջ քննարկումներ։ Հրադադարը կարող է երկարաձգվել, եթե կողմերին ավելի շատ ժամանակ պետք լինի բանակցությունների համար։
Երկրորդ փուլը ենթադրում է պատերազմի ավարտի մասին համաձայնագրի կնքում։
Աղբյուրների համաձայն՝ Հորմուզի նեղուցի լիակատար բացման և Իրանի մոտ բարձր հարստացված ուրան պահելու հարցերը կլուծվեն միայն վերջնական գործարքի շրջանակներում։
Միևնույն ժամանակ միջնորդները աշխատում են վստահության ամրապնդման միջոցների վրա՝ մտածելով այնպիսի քայլեր, որոնք կբավարարեն Թեհրանի որոշ պահանջներ։
