Վերջին տարիներին, երբ Հայաստանում ամեն ինչ թանկացել է ու ապրելու թանկությամբ Հայաստանը վաղուց արդեն առաջատարներից է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, տեղին է հիշել տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթներն ու այն ժամանակվա իշխանություններին ուղղված հեգնախառն հայտարարությունները թանկացումների վերաբերյալ։
«Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է՝ խառը կանաչի կերեք: Գառան միսը թանկացել է՝ կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է, առանց կատակի»,- Ազգային ժողովի ամբիոնից իշխանություններին հեգնում էր Նիկոլ Փաշինյանը։
Հիմա և՛ կարագն է թանկացել, և՛ խառը կանաչին, և՛ սոխը, և՛ միսը, ընդ որում՝ ոչ միայն գառան, այլև տավարի միսը, և՛ բազմաթիվ այլ ապրանքներ, բայց Նիկոլ Փաշինյանն այլևս չի հեգնում իշխանություններին, չի ասում՝ ժողովո՛ւրդ, կարագը թանկացել է՝ խառը կանաչի կերեք, գառան միսը թանկացել է՝ կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է։
Օրերս, երբ քաղաքական զբոսանքի դուրս եկած ՔՊ-ականները Երևանի փողոցներում հանդիպումների մեջ էին, քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ այդքան պարգևավճարներ իրենց տալու փոխարեն՝ մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն, որովհետև ժողովուրդն էլ է մսի կտոր ուզում ուտել։ Եվ ի՞նչ ասի Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝ թոշակը բարձրացրել ենք՝ ապրիլի 1-ից դուք էլ կարող եք մսի կտոր ուտել։ Ոչինչ, որ այսքան տարի մարդիկ զրկված են եղել ստացած թոշակով մսի կտոր ուտելու հնարավորությունից։ Բայց այնպես չէ, որ ապրիլի 1-ից հետո կարողանալու են ուտել։ Որովհետև մինչ թոշակներն ապրիլի 1-ից կբարձրանային, միսը վերջին մի քանի ամիսներին արդեն հասցրել է բավականաչափ կտրուկ թանկանալ։ Ավելացված 10 հազար դրամով թոշակառուն կարող է ամբողջ ամսվա ընթացքում հազիվ մի 2-2.5 կիլոգրամ միս առնել, եթե չհաշվենք, որ թոշակառուն բազմաթիվ այլ բաներ էլ առնելու կարիք ունի։
Հիմա արդեն տավարի սովորական, ոսկորոտ մսի գինը հասնում է միջինում 4.1 հազար դրամի։ Անցած տարվա վերջին տատանվում էր 3.6 հազարի սահմաններում։
Ընդամենը 2-3 ամսում թանկացել է գրեթե 13-14 տոկոսով։ Եթե թանկացումը լիներ այն պատճառով, որ մարդիկ սկսել են ավելի շատ եկամուտներ ստանալ ու կարողանում են ավելի շատ միս առնել, դեռ կարելի է ինչ-որ տեղ հասկանալ։ Բայց դրա պատճառով չէ, որ թանկացել է։
Թանկացել է, որովհետև միս չկա, անասունների գլխաքանակն է կրճատվել, մսի արտադրությունն ու առաջարկն է պակասել։ Եվ դա բերել է մսի գնի բարձրացման։
Մի քանի ամսում տավարի միսը գրեթե 500 դրամով թանկացել է։ Այս թանկացումը գուցե միլիոնների պարգևավճարներ ստացող ՔՊ-ականներն իրենց գրպանի պարունակության վրա չեն զգում, բայց հարյուր-հազարավոր քաղաքացիներ, որոնք մի կերպ են յոլա գնում, չեն կարող չզգալ։ Զարմանալի չէ, որ վերջին թանկացումից հետո մսի սպառումն էապես կրճատվել է։ Կրճատվել է, որովհետև շատերը չեն կարողանում իրենց նման «ճոխություն» թույլ տալ ու 4.1 հազար դրամով միս գնել։ Առավել ևս, որ մինչ այդ էլ մսի գինը պակաս բարձր չէր, հիմա ավելի է բարձրացել։
Տավարի մսի թանկացումն իշխանության իրականացրած քաղաքականության հետևանք է։ Վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Բայց այնպես չէ, որ գյուղացիներն այլևս չեն ուզում անասուն պահել։ Պարզապես այնպես արեցին, որ պահելու հնարավորություններն են սահմանափակվել, արոտավայրերն են կրճատվել։ Նախկին արոտավայրերը հանձնել են թշնամուն, շատ տեղերում էլ դրանք անօգտագործելի են դարձել՝ հակառակորդի կրակի տակ գտնվելու պատճառով։
Անասնապահության համար նախկինում կերակրի բազայի որոշ մասն էլ գալիս էր Արցախից։ Արցախը հանձնելուց հետո, դրանից էլ են զրկվել։
Այս ամենի պատճառով էլ կրճատվել է անասունների գլխաքանակը։ Սա Հայաստանի այսօրվա կառավարիչների իրականացրած քաղաքականության ուղղակի հետևանքն է, որը կրում են ոչ միայն գյուղացիները, այլև բոլոր սպառողները։
Ծիծաղելի է, երբ իշխանության ձախողումները թաքցնելու նպատակով, էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները մսի թանկացումը փորձում են հիմնավորել սեզոնայնությամբ։ Իբր ֆերմերներն այս շրջանում նախընտրում են դադարեցնել մորթը, դրա համար էլ միսը թանկացել է։ Կարծես նախորդ տարիներին նույն կերպ չէին վարվում ու նույն սեզոնային գործոնները չկային։ Էլ չեն ասում, որ անասունների գլխաքանակն այնքան է կրճատվել, որ, երբ մորթը մի փոքր պակասում է, այսպիսի ցնցումներ է առաջացնում մսամթերքի շուկայում։
Անշուշտ, մսի թանկացման վրա նաև այլ գործոններ են ազդել։ Ու ստացվել է այնպես, որ ներքին շուկայում մսի դեֆիցիտ է առաջացրել՝ հանգեցնելով գների բարձրացման։
Դա տեղի չէր ունենա, եթե ժամանակին մտածեին անասնապահությունը զարգացնելու, անասունների գլխաքանակն ու տեղական մսի արտադրությունն ավելացնելու մասին։ Տարիներ շարունակ «խելացի անասնագոմեր» կոչվող ծրագիր են իրականացնում՝ իբր անասնապահությունը զարգացնելու համար։ Գրեթե 7 տարում ընդամենը մի քանի տասնյակ անասնագոմ են կառուցել։ Այդպես էլ ուզում են անասնապահություն զարգացնել։ Զարմանալի չէ, որ անասնապահությունն էլ, ինչպես ամբողջ գյուղատնտեսությունն է, այս վիճակում պիտի լինի։
Ինչպես միշտ, իրադարձությունների հետևից են գնում։ Այն բանից հետո, երբ տավարի մսի գինը բարձրացավ, էկոնոմիկայի նախարարը հիշեց, որ Հայաստանում անասնապահություն կա։ Հնչած դժգոհություններից ու քննադատություններից հետո, կիսով չափ նաև գյուղատնտեսության նախարար աշխատող Գևորգ Պապոյանը շտապեց հայտարարել, որ անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար շուտով կառավարությունը կիրականացնի շատ սպասված աջակցության ծրագիր։
Թե ի՞նչ սպասված ծրագրի մասին է խոսքը, Գևորգ Պապոյանն առայժմ չի շտապում հանրայնացնել։ Հավանաբար սպասում է՝ ընտրությունները մոտենան, որպեսզի պետական միջոցների հաշվին հերթական կաշառքը մատուցեն քաղաքացիներին։ Բայց դրանից, բնական է, ո՛չ մսի գինն է իջնելու, ո՛չ էլ սպառողն է ավելի վճարունակ դառնալու։ Եթե նույնիսկ «այդքան սպասված աջակցության ծրագիրը» լինի, դրա արդյունքները, լավագույն դեպքում, տարիներ հետո են զգացվելու։ Իսկ այսօր քաղաքացին ստիպված է լինելու կրել՝ ինչպես տավարի մսի, այնպես էլ՝ ընդհանրապես մյուս բոլոր ապրանքների ու ծառայությունների թանկացումների հետևանքները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ