Ի՞նչ գնով և նպատակով էին վաճառում մարդկանց 17-րդ դարի Կովկասի ստրկական շուկաներում

17-րդ դարը մարդկության պատմության այն շրջանն էր, երբ աշխարհագրական հայտնագործությունները, առևտրային ուղիների ընդլայնումը և գաղութատիրական կարգերի ձևավորումն էապես փոխեցին մարդկային մտածողությունը:

Այդ փոփոխությունների ամենացավալի կետերից էր ստրկության լայնածավալ զարգացումը, որը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու մշակութային խոր հետևանքներ ունեցավ։ Ստրկությունը, թեև գոյություն ուներ դեռևս հին ժամանակներից, սակայն այս դարում ունեցավ միջազգային բնույթ: Մարդկանց գերեվարում էին, բռնի տեղափոխում իրենց բնակավայրից և վաճառում կամ շահագործում:

Հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց ազատությունից, ընտանիքից և ինքնությունից՝ ենթարկվելով անմարդկային պայմանների և ծանր աշխատանքի։ Ստրկությունը ևս դարձավ այդ ժամանակաշրջանի տնտեսական համակարգի հիմնասյուներից մեկը:

17-րդ դարում մարդկանց ստրկացման, ստրուկների շահագործման ու ստրուկների շուկաների մասին մանրամասն գրում էր հայ պատմաբան Լեոն, ով ընդհանրական տալիս է այդ շրջանում տիրող իրավիճակը՝ հատկապես մեր տարածաշրջանում: Նա ներկայացնում է, թե հատկապես գերեվարված մարդկանց որտե՞ղ էին վաճառում և որտեղի՞ց էին նրանց գերի վերցրել:

«Ստրկության աղբյուրն էր գերեվաճառությունը, որ տեղի ուներ հատուկ հռչակ ստացած շուկաներում: Կովկասի սահմաններում շատ հայտնի էր Դերբենդի գերեվաճառական շուկան: Այդտեղ էին հավաքվում այն գերիները, որոնք բերվում էին Դաղստանից և այլ երկրներից, նույնիսկ Ռուսաստանից՝ հափշտակիչ լեռնականների ձեռքով:

Այստեղ, միջազգային կարևորություն ստացած այս շուկայում, իրար հանդիպում էին վաճառականներ ամեն կողմերից և մանավանդ Պարսկաստանից, որին առավելապես շատ էին հարկավոր կովկասյան կողմերի ստրուկները: Ազատությունից զրկված և անասունների դրության հասցրած մարդիկ այնքան տնտեսական գործերի, աշխատող ձեռքերի նշանակություն չունեին, որքան հարկավոր էին սեռական, ծննդաբերական նպատակներով»: (Լեո, «Երկերի ժողովածու», հատոր 3-րդ, Երևան, 1969, էջ 70):

Այդ շրջանում մարդկանց ստրկացման մասին մանրամասն գրել է նաև ժամանակաշրջանի ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ Ժան Շարդենը, ով ճանապարհորդելիս անցել է Սև ծովով և մանրամասն պատմում է, թե մարդիկ ի՞նչ գնով էին վաճառվում, ովքե՞րն էին գնում և ինչ նպատակով: Շարդենի պատմությունը մանրամասն վերապատմում է Լեոն.

«Շարդենը Սև ծովի վրա ճանապարհորդել է մի նավով, որ ստրուկներ էր հավաքում ափերից։ Գնողներն էին թուրք և քրիստոնյա վաճառականները: Գնում էին, փոխարենը տալով զանազան ապրանքներ, գնահատելով դրանց իսկական արժեքից շատ բարձր: Ահա և մարդկային ապրանքի արժեքները, որ հաղորդում է ֆրանսիացի ճանապարհորդը. 25-40 տարեկան տղամարդը գնվում էր 15 էքյու դրամով. այդ հասակից բարձրերը՝ 8-10 էքյու:

Ամենից թանկ գնահատվում էին 13-18 տարեկան գեղեցիկ աղջիկները, որոնց համար գին էին տալիս 20 էքյու: Կանայք արժեին՝ 12, իսկ երեխաները՝ 3-4 էքյու: «Մի հույն վաճառական, որ իմ սենյակին կից սենյակումն էր լինում, գնեց մի կին, նրա ծծկեր երեխայի հետ, տալով 12 էքյու…

Կինը 25 տարեկան կլիներ, ձյունի պես սպիտակ դեմքով, որի գծերը հմայիչ էին: Ես երբեք չեմ տեսել ավելի գեղեցիկ մի կուրծք, ավելի քնքուշ մի պարանոց: Ինձ զարմացնում էր, որ այդ դժբախտ արարածների ծանր դրությունը սպանիչ ազդեցություն չէր անում նրանց վրա: Ինձ նույնիսկ թվում էր, թե նրանք չեն զգում իրենց դրությունը: Հենց որ գնեցին նրանց ու պրծան, իսկույն հանեցին նրանց ծածկող ցնցոտիները, հագցրին նոր սպիտակեղեն, նոր շորեր ու հարկադրեցին աշխատել:

Տղամարդկանց ու տղաներին աշխատեցնում էին նավի վրա, իսկ կանանց ու աղջիկներին հրամայում էին կար անել: Թվում էր, թե նրանք բավական էին թե՛ շորերից և թե՛ իրենց ստացած կերակրից, բայց աշխատանքը ծանր էր նրանց համար, ուստի և հաճախ փայտերով էին նրանց հարկադրում աշխատել»: (Նույն տեղում, էջ 71):

Վերոնշյալ հատվածը փաստում է, որ մարդկանց ստրկացնելու, վաճառելու, շահագործելու հիմքում սոցիալական վատ պայմաններն էին ու ժամանակաշրջանը: 17-րդ դարում ստրկությունը ոչ միայն տնտեսական շահերի արդյունք էր, այլև մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարում։ Մարդը վերածվել էր ապրանքի, որի արժեքը չափվում էր տարիքով, արտաքինով և ֆիզիկական կարողություններով։

Նման երևույթները խորը հետք թողեցին ոչ միայն անհատների ճակատագրերի, այլև տարբեր ժողովուրդների պատմության մեջ: Արդյունքում ձևավորվեց սոցիալական անհավասարություն, բռնություն և բարոյական ճգնաժամ։

Ստրկության մասին այս պատմական փաստերը մեզ պարտադրում են գիտակցել, թե ինչ է ազատությունը, և միշտ պայքարել դրա համար: Իսկ նոր ժամանակներում սեփական ինքնության ու ազատության համար պայքարը լինում է միայն զենքով և ազգային ինքնության պահպանմամբ:

Զ. Շուշեցի

Leave a Comment