Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը – armeniatoday.am

Ապրիլի 20-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում Սուրբ Հարության հայրապետական պատարագ է մատուցվում։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի Հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի` Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։

Զատիկին մարդիկ ձու են ներկում, որը համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Leave a Comment