Հայ ժողովուրդը նշում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը. ի՞նչ է խորհրդանշում Զատկին ներկվող ձուն
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը: Այն քրիստոնեական աշխարհի մեծագույն իրադարձությունն է, որը խորհրդանշում է մեղքերից զատումը, մահվան հաղթահարումն ու վերադարձը դեպի Աստված: Այս տոնը ոչ միայն հիշատակումն է ավետարանական դեպքերի, այլև նոր ու մաքուր սկզբի ավետիսը յուրաքանչյուր հավատացյալի համար:
Զատկի խորհուրդը և նշանակությունը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Ավետարանական պատմությունը. Քրիստոսի թաղումը և Հարությունը
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության հաղթանակը մահվան նկատմամբ
Պարտության ու հուսահատության զգացում էր տիրում աշխարհում, երբ Հիսուս տառապեց ու մահացավ խաչի վրա, իսկ նրա անշունչ մարմինը դրվեց գերեզմանում: Անկախ այն ամենից, ինչ Հիսուսը բազմիցս ասել էր իր մահվան ու հարության մասին, միևնույնն է, ոչ ոք չէր հասկանում դրա իմաստը։ Սակայն նրա Խաչելությանը հետևեց Հարության ուրախալից առավոտը:
Քրիստոնեական կյանքի նոր սկիզբն ու նպատակը
Ս. Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է: Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը: Եվ այսօր Քրիստոս, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքերի ու մահվան մեջ էինք: Հարության շնորհիվ մենք հասկացանք, թե որն է մարդկային կյանքի նպատակը: Մահը, լինելով վախճանը երկրավոր կյանքի, դառնում է սկիզբը՝ երկնավոր կյանքի:
Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:
Կարմիր ձվի խորհրդանիշը և Գրիգոր Տաթևացու բացատրությունը
Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Ճրագալույցի Պատարագ և Զատկական ավետիս
Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։ Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։
Հինանց շրջան և Հոգեգալուստ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով: