168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի զրուցակիցը աշխարհահռչակ տնտեսագետ, կայուն զարգացման ոլորտի համաշխարհային առաջնորդ և Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» (Earth Institute) տնօրեն, պրոֆեսոր ՋԵՖՐԻ ՍԱՔՍՆ է:

– Պրոֆեսո՛ր, թերևս անդրադառնանք Հայաստանի անմիջական հարևանությամբ՝ Իրանի դեմ արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմին։ Հաշվի առնելով նախորդ դեկտեմբերին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, դժվար էր պատկերացնել, որ Վաշինգտոնը կներքաշվի Իրանի դեմ նման հյուծիչ պատերազմի մեջ։ Ընդհանուր պատկերացումն այն էր, որ Թրամփը բացառելու է «անվերջանալի պատերազմների» քաղաքականությունը՝ նվազեցնելով ռազմականացված արտաքին քաղաքականությունը։ Ինչպե՞ս հասանք այստեղ, և դեպի ո՞ւր է ընթանում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն ու այս պատերազմը։
– Հիանալի հարց է, մենք Ամերիկայում նույնպես տարակուսանքի մեջ ենք, քանի որ փաստն այն է, որ Թրամփն իր քաղաքական խոստումների հարցում անամոթաբար ստեց սեփական ժողովրդին։ Նա քարոզարշավ էր իրականացնում՝ հիմնվելով այն բանի վրա, որ չի անի այն, ինչ անում է հիմա: Իսկ հիմա նա և Նեթանյահուն քաոս են ստեղծում:
Իսրայելա-ամերիկյան այս ագրեսիվ պատերազմն ընդդեմ Իրանի սպառնում է ողջ աշխարհին, համաշխարհային տնտեսությանը և գլոբալ անվտանգությանը։ Սա անհիմն պատերազմ է։ Այն անվանել են «ընտրված պատերազմ», սակայն ավելի դիպուկ է մեկ այլ տերմին՝ «քմահաճույքի պատերազմ»։ Այլ կերպ ասած՝ Թրամփը, Հեգսեթը և ևս մի քանի հոգի ասացին՝ «լավ, եկեք այսպես անենք»։ Հավանաբար, ցնորամիտ Նեթանյահուն այս հարցում թակարդն է գցել Թրամփին։
Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության ներսում որևէ լուրջ գործընթաց տեղի չի ունեցել, վերլուծություն չի կատարվել, չեն դիտարկվել սրա ռազմական և տնտեսական հետևանքները։ Սա Դոնալդ Թրամփի կողմից ընտրված պատերազմ է։ Այն չի բխում Միացյալ Նահանգների շահերից։ Այս պատերազմը պայմանավորված է միայն Թրամփի և Նեթանյահուի մեծամոլական զառանցանքներով։ Չեմ կարծում, թե պատերազմն առաջ է մղվել «խորքային պետության» կողմից, թեև ԱՄՆ-ի գերիշխանության գաղափարը միշտ էլ «խորքային պետության» օրակարգի մաս է։
Սա մի պատերազմ է, որն ընտրվել է հիմնականում մի փոքր խմբի, ես նույնիսկ կասեի՝ մի «խմբավորման» կողմից, քանի որ այն դուրս է ամերիկյան օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներից։ Այն գլոբալ ճգնաժամ է ստեղծում։ Հետևաբար, Ձեր բարձրացրած հարցը շատ տեղին է, և որևէ մեկը դեռևս վերջնական պատասխան չի տվել դրան։ Բայց մենք տեսնում ենք, որ Թրամփն է ընտրել այս ուղին։
– Պրոֆեսո՛ր, ո՞րն է Թրամփի ռազմավարությունն այս պատերազմում։
– Ռազմավարությունն է՝ սպանել հնարավորինս շատ իրանցիների, կործանել Իրանի կառավարությանը, ոչնչացնել ենթակառուցվածքները և, ինչպես Թրամփն է ձևակերպում, «Իրանին հետ շպրտել դեպի Քարե դար»։ Սա բավականին պրիմիտիվ, գռեհիկ մեկնաբանություն է։ Սա ո՛չ դիվանագիտություն է, ո՛չ ռազմավարություն, ո՛չ միջազգային իրավունք, և ո՛չ էլ նույնիսկ ամերիկյան օրենք։ Ես կասեի՝ սա ԱՄՆ-ի ղեկին հայտնված մոլագարի պրիմիտիվ, հավանաբար՝ մարազմատիկ տեսակետն է՝ Իսրայելի ղեկին հայտնված մեկ այլ մոլագարի հետ միասին։ Բայց դա է նրանց նպատակը։ Թրամփը դա հստակ պարզաբանեց իր ելույթում՝ նպատակը Իրանին Քարե դար վերադարձնելն է։
– Հետևելով պատերազմական և տարածաշրջանային դինամիկային՝ ո՞ր կողմն ունի առավելություն այս պահին պատերազմում:
– Եթե նայենք շուկաների արձագանքին, ապա առավելությունն Իրանի կողմն է, որովհետև նույնիսկ այն պահին, երբ նախագահ Թրամփը ելույթ էր ունենում, նավթի գները կտրուկ աճում էին։ Դա նշանակում է՝ շուկաները հավատում են, որ համաշխարհային էներգետիկ համակարգի խաթարումը կշարունակվի, այլ ոչ թե արագ կկարգավորվի։ Հետևաբար, ըստ շուկաների, առավելությունն Իրանի կողմն է։
Ինչ վերաբերում է ռազմական փորձագետներին, ապա այստեղ կարծիքները բաժանվում են, սակայն շատ մասնագետներ կարծում են, որ Իրանը, ըստ էության, կարող է ավելի երկար դիմակայել ԱՄՆ-ին, քանի որ յուրաքանչյուր անօդաչու թռչող սարքն արժե մոտ 20,000 դոլար, մինչդեռ դրանք խոցող յուրաքանչյուր հակահրթիռ կարող է արժենալ 2 միլիոն դոլար։
Սա այն դեպքը չէ, երբ գերակայելու է պաշտպանությունը, գերակայելու է հարձակողականությունը։ Եվ հենց այստեղ է հարց առաջանում՝ արդյո՞ք Իրանն ունի երկարատև հարձակողական ներուժ՝ ԱԹՍ-ների և հրթիռային համակարգերի տեսքով։
Այստեղ նույնպես բանավեճ կա։ Եթե լսեք Թրամփին, նա ասում է, թե ոչնչացրել են Իրանի ներուժը։ Եթե լսեք ռազմական փորձագետների մեծամասնությանը, նրանք պնդում են, որ Իրանը շարունակում է ունենալ հրթիռների և անօդաչուների հսկայական պաշարներ՝ պաշտպանված ստորգետնյա բունկերներում, և ունակ է դրանք կիրառել։
Այնպես որ, չեմ կարծում, թե կա վերջնական պատասխան։ Մենք դա պարզելու ենք դժվարին ճանապարհով՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Արդյո՞ք ԱՄՆ-ին կհաջողվի ճնշել Իրանին, որքան էլ դա կոպիտ ու ապօրինի հնչի, միևնույն է՝ հարցը մնում է՝ արդյո՞ք դա իրագործելի է ԱՄՆ-ի տեսանկյունից, իհարկե, եթե հաշվի չառնենք միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Եվ հավանաբար պատասխանը բացասական է։ Հավանական է, որ Իրանն ունի պատասխան հարվածի հզոր ներուժ և կօգտագործի այն։
– Պենտագոնից ստացվող տեղեկությունները հուշում են, որ Վաշինգտոնը նախապատրաստվում է ցամաքային գործողության, որը կարող է տևել մի քանի շաբաթ։ Կա՞ արդյոք այնպիսի ռազմավարական շահ, որը կարդարացնի նման հսկայական ռիսկը։
– Եթե պատերազմը շարունակվի մի քանի շաբաթ, իմ ենթադրությամբ, կրկնում եմ՝ սա ենթադրություն է, և ես իսկապես կցանկանայի տիրապետել ավելի շատ տեղեկատվության, այդ ընթացքում Պարսից ծոցի էներգետիկ համակարգերի զգալի մասը կոչնչացվի։
Այդ դեպքում նույնիսկ ցամաքային ներխուժումը բավականին անիմաստ հարց կդառնա համաշխարհային անվտանգության և տնտեսության տեսանկյունից։ Ըստ իս, եթե պատերազմը շարունակվի մի քանի շաբաթ, և Իսրայելն ու Միացյալ Նահանգները շարունակեն գործել այնպես, ինչպես հիմա են գործում, շարունակեն զորքեր կուտակել, մենք կունենանք համաշխարհային էներգետիկ անդառնալի աղետ, ինչը կնշանակի խորը տնտեսական ճգնաժամ գալիք տարիների համար։ Այդ ժամանակ արդեն չափազանց ուշ կլինի Հորմուզի նեղուցը բացելու մասին հարց բարձրացնելը։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող է տալ ցամաքային ներխուժումը, ապա, իհարկե, Միացյալ Նահանգները չունի բավարար միջոցներ՝ Իրանն իրապես նվաճելու համար։ Իրանը հսկայական երկիր է, լեռնային երկիր, բարդ երկիր՝ մեծաթիվ բանակով։ ԱՄՆ-ից ժամանող զորքերի թիվը հավանաբար 20 կամ 30.000 է։ Դա քիչ չէ, բայց բավարար չէ Իրան ներխուժելու համար։ Միգուցե նրանց նպատակն է գրավել ափամերձ գոտին՝ Հորմուզի նեղուցը վերահսկելու համար։ Մենք չգիտենք, քանի որ նրանք մեզ չեն ասում։
Իսկ այն, ինչ նրանք մեզ ասում են, ամեն դեպքում սուտ է, ոչ թե ճշմարտություն։ Բայց գուցե նրանք սահմանափակ գործողություն են ծրագրում։ Ես միայն կարող եմ ասել՝ որպես տնտեսագետ, այլ ոչ՝ որպես ռազմական փորձագետ։ Այն, ինչ լսում եմ մասնագետներից, հետևյալն է՝ նույնիսկ նման սահմանափակ գործողությունը կլինի արյունալի և չափազանց բարդ։
– Ձեր կարծիքով՝ ի՞նչը կկանգնեցնի պատերազմը:
– Իմ կարծիքով՝ մի քանի հասուն գործիչներ, որոնք պարոն Թրամփին կբացատրեն իրականությունը։ Այդ «չափահասները» նախագահ Սի Ծինփինն են, վարչապետ Մոդին, նախագահ Պուտինը։ Թերևս նաև Եվրոպայում գտնվեն նման մարդիկ (այս պահին միակը, ում գիտեմ, Իսպանիայի նախագահ Սանչեսն է)։ Այսինքն՝ համաշխարհային առաջնորդների մի խումբ, որը պարոն Թրամփին կբացատրի. «Ձեր մեծապետական պատրանքները աշխարհը մղում են դեպի կործանում, մենք դա չենք ընդունում, և Դուք պետք է կանգ առնեք»։
– Պրոֆեսո՛ր, այժմ՝ Հարավային Կովկասի մասին։ Իրանի դեմ պատերազմն ինչպե՞ս կվերափոխի մեր տարածաշրջանը։ Մենք արդեն ականատես ենք, թե ինչպես է Արևմուտքը Հարավային Կովկասից դուրս մղում ռուսական և իրանական ազդեցությունը։ Այս գործընթացում առանցքային տարր է դարձել «Թրամփի ուղի» նախագիծն ԱՄՆ զգալի վերահսկողության ներքո։ Ստեղծված իրավիճակում, Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի հիմնական ռիսկերը։
– Տեսե՛ք, ամեն ինչ շատ պարզ է. ցանկացած ոք, ով այս պահին որոշում է միանալ պարոն Թրամփին, պետք է ստուգի իր հոգեկան առողջությունը։ Եթե ցանկանում եք գործ բռնել պարոն Թրամփի հետ, գնացեք ու խոսեք Բահրեյնի, Քաթարի, Էմիրությունների կամ սաուդցիների հետ։ Հարցրեք նրանց՝ արդյո՞ք դա իսկապես լավ գաղափար էր, արդյո՞ք ԱՄՆ-ը պաշտպանեց ձեզ, արդյո՞ք «Թրամփի մայրուղի» կամ «Թրամփի նախագիծ» կոչվածն այս պահին իրապես օգտակար է ձեզ համար։ Ցավով եմ ասում, բայց սա խենթ գաղափար է, և ես փորձում եմ հնարավորինս ուղիղ ձևակերպել։
Հեռո՛ւ մնացեք ամերիկյան պատերազմներից։ Հարավային Կովկասը չպետք է թույլ տա իրեն ներքաշել Ամերիկայի և Իսրայելի այս խենթության մեջ։ Խնդրում եմ, փորձեք անվտանգ մնալ և դուրս մնալ այս ամենից։ Ամերիկան խաղեր է խաղում ամբողջ աշխարհի հետ։ Նա կարծում է, թե տիրում է Լատինական Ամերիկային, կարծում է, թե վերահսկում է Մերձավոր Արևելքը։ Հիմա էլ ուզում է խաղեր տալ Կովկասում։
Կովկասը բացառիկ հրաշալի, գեղեցիկ վայր է՝ 10.000-ամյա մշակույթով։ Թույլ մի՛ տվեք ձեզ ներքաշել ԱՄՆ-ի հիմարության մեջ, քանի որ վերջում դուք պարզապես կկործանվեք։ Պարզապես դիտեք պարոն Թրամփի երեկվա ելույթը և ինքներդ ձեզ հարց տվեք՝ սա՞ է այն մարդը, ում հետ դուք պայմանավորվածություն եք ձեռք բերում, որովհետև այդպես չպետք է լինի։ Սա միանգամայն պարզ է։

Կովկասը գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է։ Ձեզ անհրաժեշտ են լավ հարաբերություններ Կովկասի ներսում։ Գիտեմ, որ դա դժվար է, բայց կարևոր է։ Անհրաժեշտ են հարաբերություններ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի հետ։ Սրանք ձեր հարևաններն են։ Եթե դուք ներս եք թողնում Միացյալ Նահանգներին, դուք պարզապես պատերազմ եք հրավիրում ձեր տուն։ Խնդրում եմ, մի՛ արեք դա։ ԱՄՆ-ին չի հետաքրքրում պատերազմը ձեր տարածքում։ Նրան չի հետաքրքրում պատերազմը Բահրեյնում, Քաթարում կամ Էմիրություններում։ Թրամփն ինքն ասաց. «Մենք գնացինք, դուք ինքներդ հարթեք ձեր հարցերը»։ Թույլ մի՛ տվեք, որ դա տեղի ունենա աշխարհի ձեր հրաշալի անկյունի հետ։
– ՀՀ իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ի հետ այս գործընկերությունը և «Թրամփի ուղու» վերաբերյալ համաձայնությունը կերաշխավորեն Հայաստանի Հանրապետության գոյությունը հարյուր տարով։ Ի՞նչ եք մտածում այս մասին։
– Կարծում եմ՝ սա շատ տխուր է։ Շատ, շատ տխուր։ Հայաստանը, նախևառաջ, պետք է գոյություն ունենա հազարավոր տարիներ։ Հայաստանը գոյություն է ունեցել հազարավոր տարիներ։
Հայաստանը չի՛ գտնելու անվտանգություն՝ դաշինք կնքելով Դոնալդ Թրամփի հետ։ Խնդրում եմ, լրջորեն նայեք երեկվա ելույթն և պարզապես հարց տվեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք սա ձեր գործընկերն է։ Պատասխանը դուք պետք է գտնեք, բայց ես կասեմ իմ տեսակետը։ Պատասխանը բացասական է։ Ես դա ասել եմ ամիսներ առաջ նաև Ծոցի երկրների առաջնորդներին՝ մի՛ վստահեք, կկործանվեք՝ և՛ ձեր տնտեսությունը, և՛ ձեր անվտանգությունը։
Միացյալ Նահանգներն այսօր իրավական դաշտից դուրս գործող պետություն է։ Ինչպիսի՞ գործընկեր է Միացյալ Նահանգները, երկիր, որ խոսում է Իրանին «Քարե դար» վերադարձնելու մասին։ Դա՞ է Հայաստանի անվտանգությունը։ Ունենալ մի գործընկեր, ով երեկ ասում էր՝ «մենք Իրանին քարի դար ենք քշելու»։ Թույլ տվեք ճիշտ ձևակերպել. դա՞ է Հայաստանի գործընկերը։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա որքան ռիսկային է։ Եվ դուք կարծում եք, թե Միացյալ Նահանգները լրջորեն նվիրվա՞ծ է Հայաստանի անվտանգությանը։ Կատակո՞ւմ եք։
Ամերիկայում չկա հինգ ոչ հայ ամերիկացի, որոնք գիտեն, թե աշխարհի քարտեզի վրա որտեղ է գտնվում Հայաստանը, ներառյալ՝ Դոնալդ Թրամփը։ Նա չգիտի և նրան դա չի հետաքրքրում։ Եթե ձեր իշխանություններն ասում են, թե ինչ-որ «Թրամփի ուղու» տակ ստորագրելն անվտանգություն է, տեր իմ Աստված, ուշքի՛ եկեք, ուշադրությո՛ւն դարձրեք։
Սա անվտանգություն չէ։ Մի՛ ներքաշվեք ամերիկյան աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Խնդրում եմ, ձեր երկիրը չափազանց գեղեցիկ է և չափազանց խոցելի՝ Ամերիկայի աշխարհաքաղաքական խաղերին մասնակից դառնալու համար։ Ես ամեն օր կրկնում եմ Հենրի Քիսինջերի հայտնի խոսքը. «Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բայց ընկեր լինելը՝ մահացու»։ Ականջալո՛ւր եղեք։ Խնդրում եմ, զգույշ եղեք։ Եվ ցանկացած բան, որն իր անվան մեջ պարունակում է «Թրամփ» անունը, արդեն իսկ նշան է, որ ինչ-որ տեղ սխալ հաշվարկ եք արել։
– Պրոֆեսո՛ր, հաշվի առնելով Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերությունը և քննարկումներն այն մասին, որ Ադրբեջանը կարող է ներքաշվել Իրանի դեմ առճակատման մեջ՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը նույնպես ենթարկվի արտաքին ճնշման՝ Իրանի դեմ քայլեր ձեռնարկելու համար։
– Թույլ տվեք մի հիմնարար դիտարկում անել, ևս մեկ շատ պարզ դիտարկում. Իսրայելը մեր աչքի առաջ Գազայում ցեղասպանություն է իրականացրել՝ անմեղ մարդկանց զանգվածային սպանություններ։ Մի՞թե նման երկիրը կարող է գործընկեր լինել Ադրբեջանի համար։ Խնդրում եմ, բոլորդ հեռո՛ւ մնացեք փորձանքից, քանի որ սա անվտանգ չէ։ Իսկ պարոն Նեթանյահուն հայտարարեց, թե ինքը 10 պատուհաս է թափելու Իրանի գլխին։
Նա ի՞նչ է, կարծում է՝ Աստվա՞ծ է։ Սա վտանգավոր է։ Այս քաղաքակրթական պատերազմները վտանգավոր են։ Մի՛ ներքաշվեք դրանց մեջ։ Հեռո՛ւ մնացեք պատերազմներից և այս միանգամայն անկայուն ու վտանգավոր իրավիճակներից։ Ես դիմում եմ Ադրբեջանին. ո՞ւմ է այս պահին պետք կործանվել (պայթեցվել)։ Ո՞ւմ է պետք լինել լայնածավալ պատերազմի մաս։
Այս հարցում հեռո՛ւ մնացեք Իսրայելից և Միացյալ Նահանգներից։ Պարզապես պահպանե՛ք ձեր չեզոքությունը։ Վաճառեք ձեր նավթը համաշխարհային շուկաներում. հիմա դրա համար լավ գին կա՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ավերածությունների պատճառով։ Բայց զերծ մնացեք այս թնջուկից։ Ես փորձում էի բացատրել Էմիրություններին՝ «Ինչո՞ւ եք միանում այս «Աբրահամյան համաձայնագրերին» մի երկրի հետ, որը ցեղասպանություն է իրականացնում Գազայում»։ Նրանք պատասխանում էին. «Դե, սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»։ Իսկ ի՞նչ կասեք հիմա, որքանո՞վ է սա ռազմավարական Էմիրությունների համար, որոնց ողջ տնտեսությունը հիմնված է խաղաղության, կայունության, զբոսաշրջության և ֆինանսական շուկաներ ներդրումներ բերելու վրա։ Ի՞նչ ստացվեց արդյունքում։ Հյուրանոցները ռմբակոծվում են, նավահանգիստները ռմբակոծվում են, նավթը տարածաշրջանային պատերազմի պատճառով չի տեղափոխվում։
Հարավային Կովկա՛ս, խնդրում եմ, հեռո՛ւ մնացեք պատերազմից։ Սա իմ գլխավոր կոչն է։

– Պրոֆեսոր, Դուք նշում եք՝ պետք է հեռու մնալ պատերազմից, Միացյալ Նահանգներից, Հայաստանի վարչապետը հանդիպեց Պուտինի հետ, և նրանք քննարկեցին Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը՝ չնայած այն փաստին, որ Հայաստանը Եվրոպական միությանը միանալու հրավեր չի ստացել։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանին սպասո՞ւմ են ԵՄ-ում, և ի՞նչ ռիսկեր կարող է սա առաջացնել Հայաստանի համար։
– Երկրները, որոնք չեն հասկանում իրենց աշխարհագրությունը և որոնք աշխարհաքաղաքական խաղեր են խաղում, ի վերջո, մեծ գին են վճարում։ Դա Ուկրաինայի ամենամեծ սխալն էր։ Նրանք ասացին. «Օ՜, մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք: Մենք կարող ենք միանալ ՆԱՏՕ-ին»: Եվ, ի վերջո, ներքաշվեցին ավերիչ, կանխատեսելի պատերազմի մեջ։ Եթե նայեք քարտեզին՝ ակնհայտ է, որ Ուկրաինան պետք է լինի չեզոք պետություն. այդ դեպքում նա կլիներ անվտանգ։ Եվ այդպես էր պարոն Յանուկովիչի օրոք, մինչև որ նրան տապալեցին ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված հեղաշրջման միջոցով։ Իմ խորհուրդը Հարավային Կովկասին՝ հասկացեք, որ Հարավային Կովկասն ունի յուրահատուկ հրաշալի պատմություն և աշխարհագրություն։
Իմ քարտեզով այն Ասիայում է, ոչ թե Եվրոպայում. իմ ընկալումն այն է, որ Մեծ Կովկասի լեռնաշղթայի գագաթից ներքև Ասիան է, բայց ամենակարևորը՝ զգույշ եղեք, խնդրում եմ։ Հարավային Կովկասը պետք է լինի միասնական։ Հարավկովկասյան երկրները պետք է հասկանան, որ բոլորը ցանկանում են այցելել զբոսաշրջության, գեղեցկության, հին ժառանգության, հին եկեղեցիների, մեծ արվեստի, գինիների՝ այն ամենի համար, ինչով հայտնի է այս տարածաշրջանը։ Նրանք չեն ուզում այցելել պատերազմական գոտի։ Նրանք չեն ուզում այցելել «Մեծ Իսրայել»։ Նրանք չեն ուզում լինել «Թրամփի ինչ-որ բանի» մաս։ Նրանք ուզում են գալ Հարավային Կովկաս։ Եվ պետք է ասեմ, որ Ձեր հարևանները հազարամյակների պատմության ընթացքում ոչ թե Իսրայելը կամ Միացյալ Նահանգներն են, այլ՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և մյուսները։ Եվ արտաքին աշխարհը պետք է հարգանք ունենա և հեռավորություն պահպանի։
Եվ ցավում եմ, եթե Կառավարությունը (Հայաստանի։- Ա.Մ.) մի քիչ հետ է մնացել ժամանակից և կարծում է, որ Միացյալ Նահանգները համաշխարհային հեգեմոն է, և եթե Միացյալ Նահանգների կողմից լինես՝ կունենաս անվտանգություն, և, որ Եվրոպան հիանալի վիճակում է՝ այնքան լավ, որ ուզում ենք միանալ Եվրոպական միությանը։ Հանուն ինչի՞, այն հազիվ մեկ քայլ է անում և տնտեսապես անկում է ապրում։ ԵՄ-ն երկու հիմնարար սխալ է գործել։ Մեկը Ռուսաստանի հետ կապերի խզումն է, ինչն անհեթեթություն է, քանի որ ԵՄ-ն ու ՌԴ-ն կատարելապես փոխլրացնող տնտեսություններ են: Եվ երկրորդ՝ Եվրոպան դարձել է պաշտպանական դաշինք: Եվրոպան մի ժամանակ տնտեսական պայմանագիր էր, բայց հիմա ամեն ինչ անվտանգության մասին է: Այսպիսով, եթե Հայաստանն ասում է՝ «Մենք ուզում ենք միանալ Եվրամիությանը», դա նշանակում է, որ՝ մենք ուզում ենք միանալ Եվրոպական անվտանգության դաշինքին: Դա նաև չի կարող ձեր հարևաններին չանհանգստացնել։
Այսպիսով, վախենամ, որ Կառավարությունը 10 կամ 20 տարի հետ է մնացել։ Նույնիսկ այն ժամանակ ես չէի համաձայնի իրենց հետ այս հարցերում։ Բայց նայեք այսօրվա իրականությանը։ Դուք իսկապե՞ս ուզում եք քայլել դեպի պատերազմ։ Ես չէի ցանկանա, հեռու կմնայի պատերազմից։ Ես հեռու կմնայի այս տեսակ աշխարհաքաղաքական լարվածությունից։ Ես կփորձեի համաձայնություններ կամ լուծումներ փնտրել, որոնք ընդունելի են հարևաններին, քանի որ հենց նրանց հետ պետք է ապրենք։
– Ավելին՝ նշենք, որ Հայաստանը գնում է դեպի ընտրություններ, և գործող վարչակազմը հրավիրել է Եվրոպական միությանը՝ օգնելու դիմակայել այն ամենին, ինչն իրենք անվանում են «Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքներ»։ Հիմնվելով համաշխարհային ուժային դինամիկայի Ձեր փորձի վրա՝ սա կայունացնո՞ղ քայլ է, թե՞ լրացուցիչ աշխարհաքաղաքական առճակատում կբերի Հայաստանի ներքին քաղաքականություն։
– Օ՜, ես դա չէի անի։ Ես պարզապես դա չէի անի։ Ի՞նչ խաղեր եք ուզում խաղալ։ Եթե ուզում եք ընտրություններ անցկացնել, բոլոր օտարերկրացիներին հեռու պահեք։ Հեռու պահեք ընտրությունները Ժողովրդավարության ազգային հիմնադրամից (NED), Միջազգային հանրապետական ինստիտուտից (IRI), Ազգային ժողովրդավարական ինստիտուտից (NDI), Եվրամիությունից և մյուս բոլորից դրսից ստացվող գումարներից։ Անցկացրեք հայկական, ոչ թե օտարերկրյա ընտրություններ։ Մի՛ դրեք Հայաստանը այս բոլոր խաղերի կենտրոնում։
Աստված իմ, ի՞նչ անվտանգություն է սա։ Եթե դիտորդներ եք ուզում, դիմեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Բայց ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից կամ որևէ մեկ այլ կողմից պարզապես հեռու մնացեք։ Ինքներդ անցկացրեք ընտրություններ Հայաստանում։ Ձեզ պետք չէ արտաքին աշխարհի օգնությունը դա անելու համար։ Անցկացրեք ձեր սեփական ընտրությունը։ Եվ թույլ մի տվեք՝ գումարներ գան արտասահմանից։ Պարզապես անցկացրեք ներքին ընտրություններ և քննարկեք հիմնական խնդիրը՝ ինչպես պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասում՝ առանց աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշվելու, առանց ներքաշվելու Իսրայելի, Դոնալդ Թրամփի, ոչ էլ մեկ ուրիշի խաղերի մեջ։
– Ձեր կարծիքով՝ ինչի՞ կարող ենք բախվել այսպիսի արտաքին քաղաքականությամբ։
– Դե, եթե հրավերի նպատակն այն է, որ՝ «մենք ուզում ենք մեկնումեկի կողմից լինել ներկայիս աշխարհաքաղաքական խաղերում», ապա, ցավոք, դուք կառերեսվեք շատ դժվար ապագայի։ Փոխարենը, այս տարածաշրջանը պետք է ասի՝ «Հեռու պահեք մեզ մեծ աշխարհաքաղաքականությունից։ Մենք պարզապես ուզում ենք խաղաղություն, մենք ուզում ենք տնտեսական զարգացում, մենք ուզում ենք համագործակցություն, մենք ուզում ենք արժանապատիվ հարաբերություններ մեր բոլոր հարևանների հետ, մենք չենք ուզում պատերազմել որևէ մեկի հետ և մենք չենք ուզում, որ որևէ մեկը մեզ օգտագործի։
Մենք Միացյալ Նահանգների խամաճիկը չենք Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ նրա տրանսպորտային խաղերում, որպեսզի ինչ-որ խաղ ապահովենք նրա համար։ Մենք այնտեղ ենք, որտեղ կանք՝ մեր հարևանների հետ, մեր պատմությամբ, և հենց այդտեղ էլ լինելու ենք ու փորձելու ենք արդյունավետ կերպով ապրել այդ իրականության հետ։ Ոչ թե՝ «արտաքին քաղաքականություն, բարձր խաղադրույքներ, կողմնապահություն»։ Սա սխալ մոտեցում է։
– Պրոֆեսոր, մենք քննարկեցինք, որ Արևմուտքն աշխատում է դուրս մղել Ռուսաստանին ու Իրանին Հարավային Կովկասում, զուգահեռաբար տեսնում ենք, որ Թուրքիան էապես ամրապնդում է իր դիրքերը մեր տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, և թյուրքական պետությունների աճող ազդեցության հետ մեկտեղ, նույնիսկ խոսակցություններ կան թյուրքական բանակ ստեղծելու մասին, մի՞թե նոր Օսմանյան կայսրությունը խնդիր չէ նաև ժամանակակից Արևմուտքի համար։
– Կայսերական մրցակցության բոլոր փորձերը խնդրահարույց են։ Մենք ժամանակ չունենք 18-րդ կամ 19-րդ դարի պատերազմների համար։ Այսպիսով, աշխարհում այժմ կան մի քանի խոշոր տերություններ՝ Ռուսաստանը, Թուրքիան՝ հարևանությամբ, Իրանը՝ անկասկած, Չինաստանը և ուրիշներ։
Մեր հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե կողմնորոշումներ ընտրելը, այլ, թե ինչպես հաստատել խաղաղություն և կայունություն՝ առանց միմյանց ոտքին կանգնելու, միմյանց կարմիր գծերը տրորելու կամ միմյանց սպառնացող խաղեր խաղալու։ Տեղակայելով ցանկացած տեսակի ենթակառուցվածք, որն ասում է՝ «Օ՜, դա լավ է ձեզ համար, բայց դա վնասում է նրանց, և դա լավ է ձեզ համար, որովհետև դա վնասում է նրանց»։ Եթե դա է վերաբերմունքը, ապա դա պարտվողական է։ Ենթակառուցվածքը պետք է լինի փոխշահավետ։ Այն չպետք է լինի պառակտող, այն չպետք է փորձի կողմեր ընտրել։ Կողմեր ընտրելը տանելու է պարտության։ Կան մի շարք ուժեր, նրանք պետք է խաղաղ մասնակցեն միասին։

– Մտահոգիչ միտումներ ենք նկատել հետհեղափոխական պետություններում՝ ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան և Հայաստանը: Քաղաքական փոփոխություններից զատ, հաճախ համակարգված արշավ է ընթանում ավանդական ինստիտուտների դեմ՝ ինչպիսին եկեղեցին է: Հայաստանում անցյալ տարին դրամատիկ էր: Կառավարությունը բացահայտ առճակատման մեջ է Հայ Առաքելական Եկեղեցու հետ՝ քրեական գործեր, ձերբակալություններ և Կաթողիկոսի հրաժարականի պահանջ։ Ինչո՞ւ են այս հեղափոխական շարժումները հաճախ թիրախավորում եկեղեցին: Արդյո՞ք սա ազգային ինքնությունը քանդելու փորձ է՝ այս ազգերին գլոբալ աշխարհաքաղաքական խաղում ավելի ճկուն դարձնելու նպատակով:
– Ճիշտն ասած՝ այս հարցում ես չեմ հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, բայց հետևել եմ, օրինակ, Ուկրաինայի իրադարձություններին, որտեղ Եկեղեցին խիստ քաղաքականացվել է աշխարհաքաղաքական և ռազմական պայքարի շրջանակներում։ Եվ սա ողբերգական է։ Եվ, ի դեպ, դա հանգեցնում է հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր տարիների վաղեմության տաճարների և կոթողների պղծմանը, իսկ երբեմն՝ նույնիսկ ոչնչացմանը, որոնք մեր ամենաարժեքավոր ժառանգությունն են։
Ես ծանոթ չեմ մանրամասներին, բայց ընդհանրապես իշխանություն ունեցող մարդիկ փորձում են քաղաքական գործիքի վերածել ամեն ինչ, այդ թվում՝ կրոնը։ Ինձ դուր չի գալիս, որ կառավարությունները հետապնդում են կրոնական առաջնորդներին, գործիչներին և հաստատություններին, քանի որ նրանք գործիքի են վերածում կրոնը։
Ես նաև չեմ ուզում, որ հոգևորականները փորձեն քաղաքականությամբ զբաղվել։ Այսպիսով, դա փոխադարձ հարգանքի և փոխադարձ գործունեության ոլորտների հարց է։ Ես չգիտեմ առանձնահատկությունները, բայց տեսնում եմ, որ այս չարաշահումները տեղի են ունենում, և դրանք շատ վնասակար են, դրանք շատ վտանգավոր են։ Մարդիկ ուզում են, որ իրենց մշակույթն ու կրոնն իրենց համար լինեն, և նրանք չեն ուզում, որ դա օգտագործվի քաղաքականության մեջ։
– Պրոֆեսոր, եթե փորձենք ավելի խորքային հասկանալ գործընթացները, Ձեր կարծիքով՝ միջազգային կարգի ներկայիս փլուզումը արդյո՞ք ավելի խորքային արժեքային ճգնաժամի դրսևորում է, որտեղ սկզբունքային քաղաքականությունը փոխարինվել է զուտ քաղաքական նպատակահարմարությամբ։
– Իհարկե։ Այն, ինչ մենք ունենք, հին առաջնորդության, այսինքն՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ձախողումն է՝ բազմաբևեռ աշխարհն ընդունելու հարցում։ ԱՄՆ-ը փորձում է պահպանել իր համաշխարհային գերիշխանությունը։ Այսինքն՝ ասում է՝ «ետ կմղենք Իրանին Քարե դար, կշրջապատենք Ռուսաստանին, կզինենք Թայվանին, կներխուժենք Վենեսուելա», այս ամենը՝ միայն ԱՄՆ ուժը ապացուցելու համար։ ԱՄՆ-ը կայսրություն է՝ իր տեսակով, այն գործում է ամբողջ աշխարհում տեղակայված ռազմական բազաների միջոցով։ Կայսրության նպատակն է որոշել, թե որտեղ ով պետք է իշխանության գա։ Թրամփը ցանկանում է որոշել, թե ով պետք է կառավարի Իրանը։ Բայց շատ երկրներ չեն ցանկանում, որ ԱՄՆ-ը լինի այն ուժը, որը որոշում է իրենց ներքին քաղաքականությունը։
Ազգային առաջնորդները չպետք է տրվեն գայթակղությանը և ասեն՝ «օ՜, մենք սիրում ենք ձեզ, պարոն Թրամփ, խնդրում ենք՝ օգնեք մեզ, պաշտպանեք մեզ», որովհետև նման վարքագիծը կործանարար է այդ երկրների համար։
Այսպիսով, մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, որովհետև մտել ենք բազմաբևեռ աշխարհ, մինչդեռ Եվրոպան և ԱՄՆ-ը փորձում են պաշտպանել իրենց նախկին արտոնությունները։ Նրանք կարծում էին, թե հաղթել են, Խորհրդային Միությունը փլուզվեց, և ԱՄՆ-ը կարծեց, թե ղեկավարում է ողջ աշխարհը։ Դա նրանց մոլորությունն էր 1991-ից հետո։
Ցավոք, այդ մոլորությունը պահպանվել է, և եթե նայեք Դոնալդ Թրամփի ելույթներին, կտեսնեք, որ գործ ունենք ոչ միայն ազգային մակարդակի մոլորության, այլև՝ մոլորության մեջ գտնվող նախագահի հետ։
– Եթե բարոյական հիմքից զուրկ քաղաքականությունը, ի վերջո, հանգեցնում է ինքնակործանման, ապա համաշխարհային քաոսի ներկայիս փուլին ի՞նչ է հետևելու։ Ի վերջո, ի՞նչը կլցնի արժեքային այս վակուումը։
– Մենք վակուում չունենք, մենք ունենք մարտահրավեր։ Մենք ունենք ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ունենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր։ Ունենք Կայուն զարգացման նպատակներ։ Ունենք միջազգային իրավունքի համակարգ։ Խնդիրն այն է, որ այս ամենը վտանգված է։ ԱՄՆ-ը հրաժարվում է դրանից։
Այսպիսով, ես պատրաստ չեմ դիտելու, թե ինչպես է այս ամենը փլուզվում պարզապես այն պատճառով, որ ԱՄՆ-ը այդպես է ցանկանում։ Ինձ հետաքրքրում է, որ աշխարհի մնացած մասն ասի՝ «ո՛չ, մենք թույլ չենք տալու, որ ԱՄՆ-ը ոչնչացնի այս ամենը։ Մենք շարունակելու ենք առաջ շարժվել միջազգային իրավունքի հիման վրա, ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Մարդու իրավունքների խորհրդով և շատ այլ մեխանիզմներով»։
Եվ եթե ԱՄՆ-ը չի ցանկանում մասնակցել, թող չմասնակցի։ Բայց մենք շարունակելու ենք առաջ գնալ։ Կցանկանայի, որ զարգացումները հենց այդպես ընթանան։

– Պրոֆեսոր, որպես եզրափակիչ միտք՝ մենք ապրում ենք գլոբալ ուժային վերադասավորումների և ազդեցության գոտիների վերաձևման բավականին կոշտ փուլում։ Այս նոր աշխարհակարգի խաթարման պայմաններում ո՞րն է Ձեր հիմնական խորհուրդը փոքր պետություններին, ինչպիսին Հայաստանն է՝ հաշվի առնելով աշխարհագրությունն ու առկա բոլոր մարտահրավերները։
– Իմ հստակ խորհուրդը բոլոր երկրներին հետևյալն է՝ համագործակցեք ձեր հարևանների հետ և պահպանեք խաղաղությունը։ Մի՛ ներգրավվեք մեծ տերությունների խաղերի մեջ։
Հայաստանի համար սա նշանակում է, որ անհրաժեշտ է համագործակցություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև՝ որպես Հարավային Կովկասի երկրներ։ Նրանք պետք է կարողանան կառուցել հարաբերություններ նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ՝ որպես տարածաշրջանային երեք կարևոր ուժեր։ Հարավային Կովկասը պետք է ունենա բնականոն հարաբերություններ Եվրոպայի հետ, բայց նաև Չինաստանի, Հնդկաստանի և այլ խոշոր ուժերի հետ։
Այսպիսով, նպատակը պետք է լինի խաղաղությունն ու զարգացումը՝ համագործակցության միջոցով, միաժամանակ խուսափելով ԱՄՆ-ի կամ այլ տերությունների այնպիսի խաղերից, որոնք կարող են Հայաստանին ներքաշել ճգնաժամերի մեջ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից։
ԱՄՆ-ը խաղեր է խաղում ամբողջ աշխարհում՝ շատ վտանգավոր խաղեր՝ հարվածում է Իրանին, փորձում է վերահսկել Պարսից ծոցի տարածաշրջանը, փորձում է վերահսկել Հարավային Ամերիկան, փորձում է ճնշել Չինաստանին։
Հայաստանի իրական խնդիրը հետևյալն է՝ ապահովել, որ ձեր երեխաները ստանան լավ կրթություն, ունենան արժանապատիվ կյանք, պահպանել այն գեղեցիկ մշակույթը, որը հանդիսանում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ժառանգությունը՝ հազարամյակների պատմությամբ։
Եվ չտրվել ինչ-որ ամերիկյան մոլորություններին՝ կապված, օրինակ, Իսրայելի և Իրանի հակամարտության կամ նմանատիպ այլ «խելագար» սցենարների հետ, կամ այն մտքին, թե Հայաստանը պետք է կանգնի ԱՄՆ-ի կողքին՝ ընդդեմ Չինաստանի կամ Ռուսաստանի։ Ի սեր Աստծո, սա ճիշտ ճանապարհ չէ։
Պետք է զգույշ լինել, պահպանել լավ հարաբերություններ հարևանների հետ, և միասին պաշտպանվել արտաքին ազդեցություններից, որոնք ձգտում են շահեր ձեռք բերել, բայց հետաքրքրված չեն Հայաստանի ճակատագրով։