Լուկաշենկոյի Թրամփի հետ «գաղտնախաղը»` Պուտինի կանխածրագրով և հրահանգով •

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում մասնակցել է նորակառույց պոլիկլինիկայի բացման արարողությանը և հանդես եկել միջազգային քաղաքականության մեջ իր «քաշին» բացարձակապես ոչ համարժեք հայտարարությամբ:

Ինչպես փոխանցել է BelTA պետական լրատվական գործակալությունը, Լուկաշենկոն ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան խորհուրդ է տվել «հեռանալ Իրանից և թողնել, որ Իսրայելը պատերազմը շարունակի միայնակ»:

Բելառուսի առաջնորդը հավաստիացրել է, որ Թրամփը «ականջալուր» է եղել և այժմ «ամերիկյան զորքերը կամաց-կամաց հեռանում» են: Լուկաշենկոն հայտարարել է, որ ամերիկացիների «երկու երրորդը չի աջակցում այդ արկածախնդրությանը»՝ նկատի ունենալով Իրանի դեմ ԱՄՆ պատերազմը:

Նա առանձնակի կոշտ է արտահայտվել Իսրայելի հասցեին՝ բնութագրելով, որ այն «տարածքով և բնակչությամբ փոքր երկիր է, բայց շատ հարևանների թշնամի է համարում և հարվածում նրանց»: Ըստ Լուկաշենկոյի, «շուտով հրեաներն էլ կհասկանան, թե քթները որտեղ են խոթել»:

Բելառուսի և Միացյալ Նահանգների նախագահների միջեւ վերջին շրջանում, իրոք, դիվանագիտական կարևոր ճնշումներ են տեղի ունեցել: Մինսկ է այցելել Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քոուելը:

Տեղեկություն է տարածվել, որ քննարկվում են Լուկաշենկոյի ԱՄՆ այցի նախապատրաստման հետ կապված հարցեր: Ըստ իրազեկ աղբյուրների, Բելառուսի նախագահը «Խաղաղության խորհրդի» երկրորդ նիստին մասնակցության հրավեր է ստացել և ընդունել:

Առայժմ հայտնի չէ, թե ե՞րբ և մասնակիցների ի՞նչ ձևաչափով կգումարվի «Խաղաղության խորհրդի» երկրորդ նիստը:

Ուշագրավ է, որ Մինսկում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քուելին ընդունելուց կարճ ժամանակ հետո Բելառուսի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կորեա, որտեղ արժանացել է շքեղ ընդունելության և բարձր պատիվների:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ ընկ. Կիմի հետ Լուկաշենկոյի բուն բանակցությունների մասին որևէ տեղեկատվություն չկա: Քաղաքական դիտորդների մի մասը ենթադրում է, որ նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին «փոխանցել է Վլադիմիր Պուտինի հատուկ ուղերձը», ոմանք չեն բացառում, որ Լուկաշենկոն փորձել է միջնորդ լինել Վաշինգտոնի և Փհենյանի միջև:

Նման դեպքերում ենթադրությունները բնական են, ցանկացած վարկած գոյության իրավունք ունի: Արտառոց է, սակայն, որ Լուկաշենկոն հրապարակայնացրել է ԱՄՆ նախագահի որոշումների վրա իր ունեցած «ազդեցությունը»:

Քաղաքականության մեջ նման նուրբ հանգամանքները, որպես կանոն, գաղտնի են պահվում: Լուկաշենկոյի «բացախոսությունից» կարելի է երկու ենթադրություն անել, կամ ԱՄՆ նախագահի հետ անդրկուլիսային բանակցությունները ձախողված են, և նա Դոնալդ Թրամփից այլևս էական ակնկալիքներ չունի, կամ այդ խոսույթը համաձայնեցված է, և Թրամփն, իրոք, ընտրում է Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունները թողնել Իսրայելի վարչապետ Նաթանյահուի պատասխանատվությանը:

Իսկ թե Լուկաշենկոյին ի՞նչ կարժենա այդ «բացբերանությունը», պարզ կլինի մոտ ապագայում: Եթե իրականանա մի շարք փորձագետների կանխատեսումը, որ ԱՄՆ նախագահը «տնտեսական խոստումների միջոցով ձգտում է Մինսկը դուրս բերել Պուտինի բացարձակ հսկողությունից», եզրակացություն պետք է անի Մոսկվա:

Իսկ եթե Լուկաշենկոն Թրամփի հետ «գաղտնախաղը» Պուտինի կանխածրագրով և հրահանգով է իրականացրել, ապա Թրամփը, երևի, հարկադրված լինի եվրոպական երկրներին «ավելի ուշադիր լսել»:

Leave a Comment