«Bravo, bravissimo!». բայց հանդիսատեսն արդեն վաղուց գիտի ներկայացման ավարտը

«Bravo, bravissimo!». բայց հանդիսատեսն արդեն վաղուց գիտի ներկայացման ավարտը

04.04.2026 | 17:15

2026 թ․ ապրիլի 4։

Ավագ շաբաթ, որ նվիրված է Հիսուսի թաղմանն ու գերեզմանի կնքմանը։ Արևագալից մինչ արևամար սգո և տրտմության օր, որը կավարտվի Ճրագալույցի Սուրբ Պատարագով և Փրկչի Հրաշափառ Հարության ավետիսով։

Սակա՞յն։ Այս ամենին հաղորդակից չեն հանրահայտ հասցեում՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք։

Անձրևոտ վաղորդայնին՝ ՔՊ-ի 8-րդ արտահերթ համագումարից ժամեր առաջ, երեկվա ականջ սղոցող ռաբիսի փոշին դեռ չնստած, նշված հասցեում՝ հենց կառավարական իր կեցավայրում, բեմ է բարձրանում ՀՀ գլխավոր հտպիտը։

Կերպարը՝ ինչպես միշտ, երկիմաստ «հավաքված». «ցիլոյի» փոխարեն այս անգամ կապույտը երիզող նարնջագույնից վերև պատկերված սրտիկով ու «Խաղաղություն» մակագրությամբ կեպի, իսկ «դոշին»՝ որպես մշտական ուղեկից, Հայաստանի կրծած ու գզգզած քարտեզը։

Եվ այս ամենը՝ ոչ թե «ժողովրդական» պարզունակությամբ, այլ «եվրոպական շարմով» Ֆիգարոյի հայտնի արիայի ուղեկցությամբ ու հոգնեցրած, բարոյապես մաշված սրտիկ-դեկորացիայի ցուցադրմամբ։

Սիմվոլիզմն առավել քան թափանցիկ է, բայց նաև՝ ինքնակործան։

Ֆիգարոն՝ այստեղ, Ֆիգարոն՝ այնտեղ…

Ռոսինիի հերոսը հայտնի է իր ամենուրեքությամբ և ճարպկությամբ։ Նա և՛ սափրիչ է, և՛ ինտրիգների վարպետ, և՛ մարդկանց «մշակող», նա և՛ այստեղ է, և՛ այլուր, և ամենուր։

ՔՊ համագումարից առաջ Ֆիգարոյի կերպարով ներկայանալը ոչ այլ ինչ է, քան ենթագիտակցական խոստովանություն, որ մինչև վերջ հայտածում է ընդամենն ութ տարում վերջնականապես բարոյալքված ու քայքայված «տեսակի» «հայտարարության» ողջ աբսուրդը․

«Ես եմ տերը։ Ես միակ ասողն եմ և ամենուր եմ։ Ես վերահսկում եմ բոլոր շերտերը՝ ռաբիսից մինչև դասական, բունկերից մինչև ամբիոն»։

Ասել կուզե՝ «Азъ есмь!»։

Քաղաքական «օպերայի» կուլիսներում թեժ է։

Այլապես, «գերագույնն» անշուշտ կմտաբերեր՝ Ֆիգարոն ծառայում է նրան, ով վճարում է, և հյուսում է դավեր՝ հանուն սեփական շահի։

Խոսուն է նաև նախասիրած հերոսի մասնագիտության ընտրությունը՝ սափրիչ։

Մարդ, որը կարողանում է հմտորեն «թեթևացնել» դիմացինին, հարթեցնել անկյունները և ստեղծել փայլուն արտաքին՝ թաքցնելով իրական դեմքը։

Ռոսինիի հերոսի նման սա էլ է սափրիչ, ավելի ճիշտ, «դալլաք», բայց՝ քաղաքական։ Վիրտուոզ սափրում է հանրության զգոնությունը՝ քնեցնելով և դառն իրականությունը գեղեցիկ նոտաների ու «խաղաղասիրական» կեպիների տակ թաքցնելով։

Եթե Ֆիգարոն թեթևացնում է հաճախորդների մազերը, ապա «հպարտ հարկատուների» կենացը խմել սիրող սույն օբյեկտը՝ մեր հայրենիքը, տարածքներն ու ազգային արժանապատվությունը։

Երեկ՝ ռաբիս, այսօր՝ Ֆիգարո, վաղը՝ գուցե ողբերգակ։

Դերերի այս կայծակնային ու անբնական փոփոխությունը վկայությունն է ոչ թե քաղաքական ճկունության, այլ արժեքային սնանկության, բովանդակային դատարկության։

Երբ սպառվում է «ժողովրդական» պարզունակությունը, բեմ է հանվում «եվրոպական» դասականը, բայց երկու դեպքում էլ նպատակը նույնն է՝ շեղել ուշադրությունը բուն աղետից։

Ամպլուաների այս խառնաշփոթը, սակայն, մատնում է գլխավոր դերակատարի տագնապը։

Ռաբիսի հանդուգն աղմուկից մինչև Ֆիգարոյի ճարպիկ դայլայլները ընկած է մի ամբողջ պետականության փլուզում։

Եվ եթե այսօր նա փորձում է խաղալ թեթևսոլիկ ու ամենագետ սափրիչի դերը, ապա վաղվա համար նախատեսված «ողբերգակի» դիմակն արդեն պատրաստ է կուլիսներում։ Այն դիմակի, որով փորձ է արվելու սեփական մեղքը վերածել «ճակատագրի հարվածի», իսկ ձախողումը՝ «անխուսափելի ողբերգության»։

Բայց կա մի խնդիր, որը «գերագույն բեմադրիչը» հաշվի չի առել։ Հանդիսատեսը՝ հայ ժողովուրդը, այլևս առաջին շարքի միամիտ ունկնդիրը չէ։

Նա տեսել է բունկերային «ներկայացումները», լսել է դասալիքների մասին հորինվածքները և իր մաշկի վրա զգացել է «ձրի» խաղաղության դառը գինը։

Այո՛, «Bravo, bravissimo!»… բայց ծափահարություններ չեն լինելու։

Որովհետև երբ իջնի վարագույրը, բեմում մնալու է ոչ թե հմուտ Ֆիգարոն, այլ սեփական ժողովրդին և պետությանը սնանկության ու կործանման տանող ձախողված դերասանը։

Ներկայացման ավարտը պատմությունը վաղուց է գրել, և օպերային որևէ արիա չի կարող փոխել դրա ողբերգական վերջաբանը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Leave a Comment