Գերխնդիր է, որ Հարավային Կովկասը չվերածվի այլ երկրների «հարաբերություններ» պարզելու հարթակի

1in.am  Վրաստանը այն հարթակը չէ, որտեղ այլ երկրները կարող են իրար հետ հաշիվներ պարզել: Հասկանալի է, որ նման ցանկություն կամ հանձնարարություն կա, ակնհայտ են նաև ԱՄՆ-Իրան ներկայիս հարաբերությունները, բայց կուզենայի բոլորին հորդորել, որ Վրաստանի տարածքը կամ Վրաստանում գտնվելու հանգամանքը չօգտագործեին միմյանց հետ հարաբերություններ պարզելու համար: Ինչպես հայտնել է վրացական apsny առցանց լրատվամիջոցը, ապրիլի 3-ին մամուլի ներկայացուցիչների համար նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:


 


Լրատվամիջոցը «ենթադրել» է, որ հայտարարության հասցեատերը Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Մոջանին է: Վերջինս մարտի 31-ին ասել է, որ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործողությունների համար իրենց տարածքը տրամադրող բոլոր երկրները «վաղ, թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ»: Ըստ վրացական լրատվամիջոցի, Մոջանիի հայտարարությունը վրացական հանրային «լայն շրջանակները ընկալել են որպես Վրաստանի դեմ քողարկված սպառնալիք»:


 


Ըստ apsny-ի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո «հայտնի է դարձել, որ Թբիլիսիի օդանավակայանում ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայրէջք կատարել»: Լրատվամիջոցի տեղեկություններով, այն «իրականացրել է Ռամշտայն-Թբիլիսի թռիչք»: Ռամշտայնը Գերմանիայում ամերիկյան ռազմակայանի տեղաբաշխման վայրն է:


 


Ըստ երևույթին, Վրաստանում Իրանի դեսպանը նկատի է ունեցել հենց այդ փաստը: Նույն օրը նա հրավիրվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ, ամենայն հավանականությամբ, նրան ասել են այն, ինչ լրագրողների համար հանրայնացրել է խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին: Իսկ պաշտոնական Թբիլիսին, ըստ այդմ, նպատակադրված է երկիրը «հեռու պահել զինված հակամարտություններից, ինչպես դա անում է Ուկրաինայի պատերազմի դեպքում, ինչպես վարվել է նախկինում»:


 


Նման դեպքերում, իհարկե, ոչ միայն ձևակերպումները, այլև անհրաժեշտ բառերն են ամենայն բծախդրությամբ ընտրվում, բայց փաստ է, որ տարեսկզբից վրաց-ամերիկյան հարաբերություններում «տեղաշարժ կա»: Փետրվարի 6-ին, Հայաստան և Ադրբեջան այցից առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը Միլանում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Իրանի դեմ պատերազմից մեկ ամիս հետո կայացել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հեռախոսազրույցը, որից հետո Ռամշտայնից ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռի Թբիլիսի թռիչքը, եթե անգամ ոչ մի առնչություն չունի Իրանի դեմ պատերազմի հետ, Թեհրանին չի կարող առնվազն անհանգստություն չպատճառել:


 


Պետք է հուսալ, որ վրաց-իրանական «միջադեպը» դիվանագիտական շփումների ձեւաչափում կկարգավորվի: Երևում է, Իրանի դեմ ռազմական գործողությունները դեռևս շարունակվելու են: Առկա իրավիճակում գերխնդիր է, որ Հարավային Կովկասը, իրոք, չվերածվի այլ երկրների «հարաբերություններ» պարզելու հարթակի:


 


 


 


 


Leave a Comment