Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը՝ Ադրբեջանը։ Այս մասին այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին, թե ով է ՀՀ–ի անվտանգության երաշխավորը։
«Այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Երբ աշխարհում ամենուրեք նոր սկսվող, շարունակվող ու խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հասել են մի հանգրվանի, որը մենք հիմա պետք է ամրապնդենք»,- ասաց նա։
Սիմոնյանը, առանց կոնկրետ անուններ նշելու, հայտարարեց, թե շատ ուժեր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններին ներքաշել միմյանց դեմ պատերազմական գործողությունների մեջ։