Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի քվեարկությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին բանաձևի նախագծի քվեարկությունը:

Ինչպես հաղորդում է Arabnews-ը, Ռուսաստանն ու Չինաստանը չեն աջակցում այդ նախագծին: Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ քվեարկությունը պատրաստվում են անցկացնել հաջորդ շաբաթ, հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ:

Նախագիծը, որի քվեարկությունը նախապես պետք է տեղի ունենար շաբաթ օրը, առաջարկում է պաշտպանական միջոցների իրավունք տալ քաղաքացիական նավերի անցումն ապահովելու համար: Ի սկզբանե ԱՄՆ-ը և ծոցի երկրները նաև հարձակողական միջոցներ էին առաջարկում իրանական կողմի դեմ, սակայն փաստաթղթի վերջնական խմբագրման ժամանակ այդ կետը հանվել է։ Հոդվածում ասվում է, որ Բահրեյնը աջակցության համար դիմել է Անվտանգության խորհրդի բոլոր 15 երկրներին, սակայն Ռուսաստանի և Չինաստանի համար նախագիծը նախկինի պես անընդունելի է։

Ավելի վաղ, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախագահ Ջասիմ ալ Բուդայվին կոչ էր արել ՄԱԿ-ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Իրանի կողմից հարձակումները դադարեցնելու համար՝ դրանք անվանելով «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»:

Leave a Comment