Ֆրանսիական կոնտեյներային նավը, որը պատկանում է CMA CGM նավարկության խոշորագույն ընկերությանը, դարձել է առաջին արևմտյան նավը, որն անցել է Հորմուզի նեղուցով շրջափակումից հետո, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Օմանի հետ կապված երեք նավ և ճապոնական ընկերությանը պատկանող գազատար նույնպես անցել են նեղուցով։ CMA CGM-ին պատկանող Մալթայի դրոշի ներքո նավարկող մեկ այլ նավ ապրիլի 2-ին անցել է Հորմուզի նեղուցով։
CMA CGM-ն մեկնաբանությամբ հանդես չի եկել, սակայն LSEG-ի նավագնացության տվյալները ցույց են տվել, որ ապրիլի 2-ին նավը փոխել է իր նպատակակետը՝ Owner France, այդպիսով նշելով իր սեփականատիրոջ քաղաքացիությունը՝ նախքան Իրանի տարածքային ջրերով անցնելը։
Ապրիլի 2-ին Հորմուզի նեղուցը լքել են նաև Oman Shipping Management-ի կողմից շահագործվող երկու շատ խոշոր նավթատարներ (VLCC) և մեկ հեղուկացված բնական գազի տանկեր։
Ճապոնական Mitsui OSK Lines ընկերությանը պատկանող Sohar LNG LNG տանկերը հատել է նեղուցը՝ դառնալով Ճապոնիային միացված առաջին նավը և առաջին գազատարը, որը դա արել է հակամարտության սկսվելուց ի վեր։
Մարտի 1-ից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը մոտ 150 նավ, այդ թվում՝ տանկեր և կոնտեյներային նավեր։ Նրանց մեծ մասը կապված էին Իրանի, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի հետ։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի թիրախներին:
Ապրիլի 2-ին Financial Times-ը գրել էր, որ Հորմուզի նեղուցի փակումը Մերձավոր Արևելքի երկրներում ավելացրել է հետաքրքրությունը գազատարների և նավթատարների կառուցման նախագծերի նկատմամբ, որոնք թույլ կտան էներգառեսուրսներ արտահանել անկախ նեղուցում ստեղծված իրավիճակից։
