Բաբայան. Ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու «Հայրենիքը» առնչություն չունեն ընտրակաշառքի հետ

Բաբայան. Ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու «Հայրենիքը» առնչություն չունեն ընտրակաշառքի հետ

4 ապրիլի 2026 – 11:57 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ Հակակոռուպցիոն մարմնի հրապարակած ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու «Հայրենիք» կուսակցությունն առնչություն չունեն «Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի հետ»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դեպքը:

Թեև հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նույնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ անգամ հենց այդ ձայնագրություններով ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք:

Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որևէ առնչություն չեն ունեցել և չունեն ընտրակաշառքների հետ:

Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց…»:

Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել…»,-ասվում է գրառման մեջ:

Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի գործով 62 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել: «Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Արդյունքում՝ հինգ տասնյակից ավելի անձանց խոստացել են 50,000-ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment