Мертвые с косами стоят! И тишина!

Мертвые с косами стоят! И тишина!

03.04.2026 | 19:23

(կամ՝ ինչո՞վ «մերն ուրիշ չէ»)

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես գրեթե չեմ կասկածում․ հայի հպարտության խորհրդանիշ դարձած «մերն ուրիշ է» բանաձևումն ազգային ախտորոշում է։

Իսկապես էլ ուրիշ ենք՝ մեր բացասական բացառիկությամբ։

Չէ՛, նկատի չունեմ ազգի հաստատուն դիմագիծ դարձած «աքսիոմատիկ ճշմարտությունները»։

Զորօրինակ՝ մինչ աշխարհը ձգտում է իրավակարգի, մենք հպարտանում ենք օրենքը «շրջանցելու» մեր տաղանդով։

Ապրում ենք անցյալի հերոսական դրվագներով, բայց նույն պատմության դառն աղետները համարում ենք «պատահականություն» կամ «դավադրություն»՝ խուսափելով սեփական պատասխանատվությունից։

Անտեսում եմ նաև այն, որ դավաճանությունն ու ներքին գզվռտոցը դարձել են մեր մշտական ուղեկիցները։

Հենց խորհրդավոր այդ «ուրիշը» վերծանելու ակնկալիքով էլ, «ժամանակի մեքենայի» օգնությամբ, հասա մինչև մարդկային պատմության անտիկ շերտեր։

Հետաքրքիր այդ «ճանապարհորդության» հիմնական դրդապատճառը «ժողվարչապետի»՝ սպառնալիքներով, վիրավորանքներով, շանտաժով ու ինքնալվացմամբ գերհագեցած ապրիլերկուսյան ասուլիսն էր՝ կառավարության հերթական նիստից հետո։

Նախ՝ անհրաժեշտ մի քանի մեջբերումներ․

1․ «Ես ասել եմ, որ կան վախկոտ գեներալներ և դասալիքներ, և այո՛, նրանցից շատերը դատվում են»։

2․ «Մարդիկ թող իրանց փախնելը, իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել»։

3․ «Ով որ տենց բան ասում ա, ինքը ճողոպրողների բանակից ա։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում և մարդկանց ու իրերը կոչում եմ իրենց անուններով։ Այո՛, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ»։

4․ «Ընդհանրապես, էդ զինվորականի տեսք ա՞, փորները իրեք մետր դեմը քցած գեներալը ո՞րն ա»։

5․ «Կարծում եմ, որ մենք հերոս բառը պետք ա շատ զգույշ օգտագործենք։ Որովհետև էնքան օգտագործել ենք էդ բառը, որ, ըստ էության, ստացվում ա, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»։

6․ «Էն, որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, ումի՞ց ենք թաքցնում։ Եվ 2023-ի սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղի տիրապետության տակ ինչ զենք, զինամթերք ա էղել տեղեկություններ ունենք, գիտենք, որ նաև եղած զենքի չնչին աննկատ մասն է մտել գործողության մեջ»։

Առնվազն աբսուրդի ժանրից է, երբ զինամթերքը չօգտագործելուց, վախկոտությունից ու ճողոպրելուց է գոռգռում ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթած սույն օբյեկտը։

Որպեսզի հետագա խոսքս չդասվի «օդից կախվածների» շարքին, տեղը-տեղին փորփրեցի անցյալի էջերն ու փորձեցի ճշտել՝ մարդկության պատմությանն ընդհանրապես հայտնի՞ է գերագույն գլխավոր հրամանատարի «կոստյումը» գլխին քաշած մեկը, որը հայրենիքի համար բախտորոշ պատերազմի օրերին նստել է աշխատասենյակում կամ մտել ՊՆ բունկեր, իսկ ռազմական գործից լուսային տարիներով հեռու կնոջն ուղարկել է ճակատ՝ հրամաններ և ցուցումներ իջեցնելու պրոֆեսիոնալ գեներալներին, անգամ «ղեկավարելու» մարտավարական օպերացիաներ։

Երկար շրջեցի պատմության մութ ու լուսավոր, հնահոտ լաբիրինթոսներում։

Փնտրեցի Ներոնի մոտ՝ չկար։

Փնտրեցի անգամ ամենաթույլ ու անվճռական կայսրերի և միապետների տարեգրություններում, բայց այդպես էլ չգտա որևէ նախադեպ, երբ գերագույն հրամանատարը պատերազմի ելքը վստահեր «ընտանեկան կապալին»։

20-րդ դարի ամենադաժան բռնապետներն անգամ՝ Հիտլերը, Մուսոլինին, իրենց կանանց երբեք թույլ չեն տվել մոտենալ օպերատիվ քարտեզներին կամ հրամանատարական կետերին։

Պատկերացնու՞մ եք, օրինակ, Նապոլեոնին. փակվեր աշխատասենյակում, իսկ Ժոզեֆինային ուղարկեր մարշալներին հրամաններ տալու։

Կամ Ստալինին, որը պատերազմի ամենաօրհասական պահին ինչ-որ կնոջ նստեցներ գեներալների գլխին՝ որպես «աչք ու ականջ»։

Ճիշտ է՝ աբսուրդի ժանրից է։ Որովհետև նույնիսկ ամենադաժան բռնապետներն են ընկալել պարզ ճշմարտությունը. բանակն այնպիսի օրգանիզմ է, որը չի հանդուրժում ոչ մասնագիտական, պատահական միջամտություն, առավել ևս՝ «փեշերի» հետևից տրվող հրամաններ։

Բայց ի՜նչ եմ ասում՝ «մերն ուրիշ է», չէ՞։

Հենց այդ «ուրիշի» թելադրանքով էլ մեզ մոտ ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ վախը դարձավ պետական կառավարման մոդել։

Արական սեռը ներկայացնող սույն կերպարը, որն ասուլիսի ամբիոնից գոռգռում էր գեներալների «ճողոպրելու» մասին, պատերազմի օրերին ճողոպրել էր սեփական պատասխանատվությունից։ Կնոջն էլ դարձրել էր բարիկադ՝ իր և բանակի միջև։

44-օրյայում կենդանության շունչ առած ֆանտասմագորիկ պատկերը՝ աշխատասենյակում փակված ամուսին և բունկերում «օպերացիա» ղեկավարող անկապ կին, պատմության մեջ կարող է ընկալվել միայն որպես իշխանության դեգրադացիայի գագաթնակետ։

Իրողություն, որը խոսում է իրեն առաջնորդ երևակայողի բացարձակ վախերի և սեփական բանակի նկատմամբ անվստահության մասին։

Ներկայացված աբսուրդը, սակայն, երկշերտ է. պատմությանը հայտնի չէ նաև այլ որևէ դեպք, երբ ռազմական էլիտան թույլ տար նման «ընտանեկան կապալ»՝ երկրի համար իսկապես ճակատագրական պատերազմի ընթացքում։

Աներկբա է՝ ցանկացած այլ բանակում, անգամ աֆրիկյան ցեղախմբերում, նման միջամտությունը կավարտվեր կա՛մ կնոջը բունկերից վռնդելով, կա՛մ առաջնորդի արագ պաշտոնազրկմամբ՝ իր ենթադրյալ բոլոր ածանցյալներով։

Բայց դե, ինչպես ասում են՝ «մերն ուրիշ է»։

Իմ «շրջագայության» ընթացքում ճշտեցի հետևյալը. համաշխարհային անցյալը լի է դավաճանությունների, պարտությունների և փախուստների դրվագներով, բայց այն, ինչի ականատեսը դարձանք 2020-ի սեպտեմբերի 27-ից, մարդկության պատմության մեջ չգրանցված՝ նոր, «բունկերային-ընտանեկան» դավաճանության «նվաճում» էր, որի «հեղինակային իրավունքը» բացառապես պատկանում է «Նիկոլ & Աննա» դուստր ձեռնարկությանը։

ՈՒ երբ ամեն ինչ խառնել ես իրար. պատիվը՝ հացի, հայրենիքը՝ աթոռի, բանակը՝ անսանձ կնոջդ անձնական քմահաճույքները բավարարելու հետ, դեռ անամոթաբար խոսում ես «թացը չորին երբեք չխառնելու՞ց»։

Ժամանակի հրամայականն է նաև ճշտել՝ «թացը չորից» զատելու միջակայքում այդ ու՞մ «կախարդական փայտիկով» այդպես էլ «օդից կախված» մնաց դեռևս 2021-ի մայիսի իրազեկումը, թե.

«ՔԿ-ն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առիթով»։ Հավելենք՝ ՔԿ-ն այդպես էլ չհերքեց լուրը։

Այսօր 2026-ի ապրիլի 3-ն է։ Եվ ի՞նչ։

Եվ ոչինչ։ Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը՝ Իլյուխա Վերեխովը.

«Мертвые с косами стоят! И тишина!»։

Հանրահայտ է նաև վերեխովյան այդ «լռության» հիմնական պատճառը։ Երբ ՔԿ-ն հաստատում էր քննության փաստը, գործում էր հանրային ճնշման տակ։ Սակայն իրավական տեսանկյունից հրամանատարական կետում քաղաքացիական անձի ներկայությունը, որը չունի համապատասխան թույլտվություն և աստիճան, անթաքույց հարված է զինվորական կանոնադրությանը և պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված նորմերին։

ՈՒ՞մ պարզ չէ. եթե քննությունն ընթանար օբյեկտիվ, ապա պարտադիր պետք է հարցաքննվեին բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր հանդուրժել են այդ սուբյեկտի ներկայությունը։ Ինչը և կհանգեցներ իսկական շղթայական ռեակցիայի, որը կավարտվեր հենց երկրի քաղաքական ղեկավարի աշխատասենյակում։

Արդեն հինգ տարի է՝ չեն կարճում գործը, ասենք՝ հանցակազմի բացակայության հիմքով, որովհետև փաստերն ու վկայությունները, օրինակ՝ գեներալ Մովսես Հակոբյանի հայտնի հայտարարությունները, չափազանց ծանրակշիռ ու հիմնավոր են։ Հետևապես, ընտրել են «սառեցման» մարտավարությունը։

ՈՒ երբ հետահայաց անդրադառնում ենք մինչ օրս հնչող ընդամենը հռետորական հարցադրումներին.

ա) «Ի՞նչ կարգավիճակով է քաղաքացիական անձը գտնվել օպերատիվ կառավարման կենտրոնում պատերազմի ամենաթեժ պահին»,

բ) «Տվյալ սուբյեկտի ներկայությունը կամ միջամտությունը ազդե՞լ է հրամանատարների որոշումների վրա, ինչի մասին բարձրաձայնել են մի քանի զինվորականներ»,

բախվում ենք քաղաքական «իմունիտետի» գործոնին. հիշյալ ընտանիքի անդամների գործողությունները դուրս են իրավական դաշտի սահմաններից։ Սա ոչ միայն ակամա տալիս է երեկ լրագրողի հնչեցրած՝ «Կարո՞ղ է Ձեր արյունն ավելի կարմիր է, քան մերը» հարցի պատասխանը, այլև փաստում է՝ ՔԿ-ի լռությունը ոչ թե անգործություն է, այլ քաղաքական հրահանգի կատարում։

Դե ասեք՝ ինչո՞վ մերն ուրիշ չէ։

Այնքան «ուրիշ» է, որ «մահացու լռության» հետևանքներն այսօր էլ շարունակում են փլուզել հայոց պետականության հիմքերը։ Որովհետև եթե կարելի է խախտել հրամանատարական կետի անհասանելիությունը, ապա պետական մնացած բոլոր ինստիտուտները դառնում են խոցելի։ Սա հզոր ազդակ է բանակի համար՝ մասնագիտական հիերարխիան ոչինչ է քաղաքական կամ ընտանեկան կապերի առաջ։

Հենց այդ պատճառով էլ՝ «Мертвые с косами стоят» հանճարեղ պատկերն ըստ անհրաժեշտի բնորոշում է քննչական մարմինների իրական վիճակը. նրանք կան, բայց «մեռյալ» են, գրեթե անշունչ, եթե թիրախում ոչ թե պատարագի մասնակից 18-ամյա տղան է, այլ վարչակույտի վերնախավը։

Այս «ճամփաբաժանում» մի կողմում «գերագույնի» մատնանշած «փորները իրեք մետր դեմը քցած գեներալներն» են, իսկ մյուսում՝ հրամանատարական կետի այն սեղանը, որի շուրջ քաղաքացիական հագուստով, առանց որևէ իրավասության, ռազմական գործողություններ էր «համակարգում» նրա կողակիցը։ Ո՞րն է ավելի մեծ հանցանք՝ զինվորականի ոչ աթլետիկ կազմվա՞ծքը, թե՞ պետական գաղտնիքի և բանակի կառավարման հիերարխիայի կոպտագույն ոտնահարումը։

«Ժողվարչապետի» սիրելի հնարքն է՝ լրջագույն խնդիրը տեղափոխել պրիմիտիվ, փողոցային մակարդակ։ Այդպես ավելի հեշտ է զանգվածների մեջ ատելություն հրահրել գեներալի արտաքին տեսքի նկատմամբ, քան բացատրել, թե ինչու պրահյան կամ այլ հարթակներում հանձնվեց Արցախը։ Նա «փորը» դարձնում է դավաճանության սիմվոլ՝ շեղելով ուշադրությունը բուն հարցից՝ հրամանատարական կենտրոնից տրված կամ չտրված հրամաններից։ Նա ակնարկում է, որ զենք կար, բայց չկռվեցին. պրիմիտիվ փորձ է սեփական անգործությունն ու Արցախն ադրբեջանական ճանաչելու որոշումն արդարացնելու համար։ Թաքնագիրը մեկն է՝ «ես մեղավոր չեմ, իրենք զենք ունեին, բայց ճողոպրեցին»։

Ապրիլերկուսյան ասուլիսում հնչածը ոչ թե երկրի ղեկավարի խոսք էր, այլ պաշտպանական ճառի նախապատրաստություն՝ ապագա դատարանի համար։ Այսօրվանից նա փորձում է ստեղծել այնպիսի վիրտուալ իրականություն, որտեղ ինքը հերոսական հրամաններ է տվել, բայց, ավաղ, բանակը «ճողոպրողների» հավաքածու էր։ Գեներալները կոռումպացված էին ու «փորեղ», ասել է՝ վախկոտ ու անարժան։ Միակ սթափն ինքն էր ու է՛, որ «իրերը կոչում է իրենց անուններով»։ Բայց որքան շատ է աղմկում, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ «բունկերում» գտնվողների և «ճողոպրելու» հրամանին սպասողների իրական պատմությունը նրա համար մահացու վտանգավոր է։

Ինքնիշխան երկրում բանակի ներքին խնդիրները «փակ դռների» հետևում քննարկվող նյութ են, այլ ոչ թե հրապարակային շոուի թեմա։ Հետևաբար, երեկվա ասուլիսով «գերագույնը» ոչ միայն վտանգավոր տաբուներ խախտեց, այլև հայոց պետականության դեմ ուղղված «վերբալ» դիվերսիայով թշնամուն մատուցեց հոգեբանական հաղթաթղթեր։ Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե ունի «տասնյակ հազարավոր ճողոպրողներ», նա Ադրբեջանի ռազմական հետախուզությանը տալիս է մեր բանակի հոգեբանական քարտեզը՝ թիրախավորված ու ջախջախված։

2026-ի ապրիլի 2-ին Բաքվում ոչ թե պարզապես հետևում էին ասուլիսին, այլ արձանագրում էին հայկական զինված ուժերի վերջնական կազմալուծումը։

Հռետորական հարց «գերանդիավորներին». մենք հերթական անզուսպ պահվածքի ականատե՞սն էինք, թե՞ բանակի մարտունակության վերջնական կազմալուծման ցուցադրությանը։ Եթե երկրի ղեկավարը հրապարակավ նսեմացնում է զինվորականի պատիվը, իսկ դուք հանդուրժում եք, ուրեմն թույլ եք տալիս, որ թշնամին մտնի մեր տուն առանց մի կրակոցի։

Իսկ դու՛ք, հայոց բանակի պարոնայք սպաներ, բա՛վ է. դադարեք ներկայանալ որպես օրենքի տառին հավատարիմ ծառայողներ, երբ ձեր աչքի առաջ ոտնահարվում է սպայական պատիվն ու պետության հիմքը։ Եղե՛ք գոնե ազնիվ և խոստովանեք.

«Այս նվաստ քայլով՝ հանցավոր լռությամբ, վերստին լուծում ենք ընդամենը մեր «հացի խնդիրը»։ Մենք կուշտ փորը նախընտրում ենք սեփական արժանապատվությունից»։

Խոստովանե՛ք, որ երբ բունկերում քաղաքացիական անձինք հրամաններ էին տալիս, դուք լռում էիք հանուն ձեր ուսադիրների ու պարգևավճարների։ Բայց հիշե՛ք՝ այն հացը, որը վաստակվում է հայրենիքի նվաստացման և սպայական պատվի կորստի գնով, դառն է լինելու նաև ձեր սերունդների համար։

Սպայի պատիվը չի վաճառվում «հացի խնդրով»։

Իսկ եթե վաճառվում է, ապա դուք այլևս սպա չեք, այլ ընդամենը համազգեստով վարձկաններ՝ սեփական երկրի ավերակների վրա։

Ինչպես ասում են՝ մերն ուրիշ է։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Leave a Comment