3 ապրիլի 2026 – 15:36 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից, հայտնում է Factor.am-ը:
«Ներկայումս իրականացվում է հետազոտություն՝ պարզելու հնարավոր ռիսկերը, խնդիրները և կարգավորման տարբերակները։ Միայն ամբողջական պատկեր ունենալուց հետո կհստակեցվի, թե ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել և ինչ կայքեր կարող են ընդգրկվել դրանցում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են»,- նշել է վարչության պետը։
Սարգսյանը նաև ընդգծել է, որ կարևոր է հասկանալ, թե որքանով է հնարավոր սարքը նույնականացնել երեխայի հետ՝ ապահովելու վերահսկողության արդյունավետությունը։ Նա նշել է, որ երեխաների թվային անվտանգությունն առաջնահերթություն է, և անհրաժեշտ է մշակել համապատասխան գործիքներ ու կարգավորումներ նրանց պաշտպանելու համար։
Սարգսյանը հաստատել է, որ այս ոլորտում խնդիրներ առկա են և դրանց կարգավորումը պահանջում է համակարգային մոտեցում։
«Երեխաների թվային պաշտպանվածությունն առաջնահերթություն է, պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համար բավարար գործիքներ ու կարգավորումներ է ստեղծել»,- ասել է Թամարա Սարգսյանը։