Tert.am-ը գրում է․
Ամոթալի է, ինչպե՞ս են արդարացնում ՔՊ-ի աշխատանքը Հ1-ով՝ ուղղված եկեղեցու դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը:
«Այն մարդիկ, ովքեր իրական ընդդիմություն են ներկայացնում՝ Հանրայինում հատուկենտ դեպքերում է, որ կարողանում են ինչ-որ միտք ու խոսք արտահայտել, իսկ ճնշող մեծամասնությամբ համաժամանակյա ու բազմակողմանի հարձակում է տեղի ունենում:
Ես պետք է խնդրեմ, որ նրանք՝ ովքեր կասկածում են, բացեն այդ բանավեճերը ու տեսնեն, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուները ներկայանում որպես «անկախ էքսպերտներ» և 2 լրագրողներն էլ ինչպես են միաժամանակ խանգարում ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց խոսելուն, Պետրոս Ղազարյանի եթերում ևս նույն վերաբերմունքն է, եթե ընդդիմադիրների մասին է խոսքը լինում՝ անընդհատ ընդհատում է, խանգարում, ծաղրական ու հեգնական տոնով խոսում ու թույլ չի տալիս, որ միտքը ավարտեն:
Այո, Կառավարության գործունեությունը պետք է լուսաբանվի, դա շատ նորմալ է, բայց երբ կրոնական մի կազմակերպության դեմ բառացիորեն հակասահմանադրական, հակակոնվեցիոն ու քրեորեն պատժելի գործողություններ են իրականացվում ու դա լուսաբանվում է, ներկայացվում որպես նորմա ու ճիշտ վարքագիծ, դա արդեն գրված ու չգրված օրենքներին հակասում է: Ամոթալի է, երբ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են ու մարդկանց իրավունքների համար պայքար մղել, այսօր արդարացնում են ՔՊ-ի աշխատանքը Հ1-ով՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու դեմ»,- նշել է նա:
Նշենք, որ այսօր՝ «Նժար» սահմանադրական շարժումը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության: Հաղորդմամբ պահանջում են հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ և քրեական պատասխանատվության ենթարկեն Խորհրդին և Հանձնաժողովին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: