Բողոքի ակցիա դատախազության մոտ՝ Հ1-ի դեմ քրհետապնդում հարուցելու պահանջով

Մի խումբ փաստաբաններ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Նժար» հասարակական-քաղաքական ուժի ներկայացուցիչները, ապրիլի 3-ին բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով քրեական պատասխանատվություն սահմանել Հանրային հեռուստաընկերության (Հ1) և Հանրային հեռարձակողների խորհրդի ղեկավարության նկատմամբ:

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ նշված մարմինները խախտել են գործող օրենսդրությունը՝ «ապօրինի կերպով լուսաբանելով իշխող ուժի նախընտրական քարոզարշավը»: 

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդումը հիմնված է «Նժարի» կողմից 2025 թվականին իրականացված մոնիտորինգի արդյունքների վրա: Մասնավորապես, ըստ նրա, հաղորդավար Պետրոս Ղազարյանի 217 հաղորդումներից 136-ի հյուրերը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ էին։ Նա հավելել է, որ Հայ Առաքելական եկեղեցուց ոչ մի հոգևորական չի հրավիրվել, մինչդեռ, օրինակ, 5 կարգալույծ քահանայի են հյուր կանչել: Նա նշել է, որ խորհուրդն ու հանձնաժողովը չեն հարգում նույնիսկ այն օրենքները, որոնք ընդունվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք:

«Նժար» կուսակցության ղեկավար Նինա Կարապետյանցը հայտարարել է, որ արձանագրված խախտումները կներկայացվեն նաև միջազգային գործընկերներին և դիվանագիտական կորպուսին: Նրա խոսքով՝ հեռուստաընկերությունն «ընդդիմադիրներին խոսելու հնարավորություն չի տալիս», «արդարացնում է հակասահմանադրական գործողությունները եկեղեցու դեմ»:

Leave a Comment