ԿԳՄՍՆ–ից հայտնել են, որ նպատակ ունեն, որ մինչև 2030թ․–ը բոլոր երեխաները մինչև դպրոց գնալը առնվազն 1 տարի ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում վերանայվել է նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը։
ՀՀ ԿԳՄՍՆ hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կատարված օրենսդրական փոփոխությունները։
Նա հայտնել է, որ մինչ գործող սահմանափակմամբ՝ նախակրթարաններում կարող էին նախադպրոցական կրթություն ստանալ միայն 5-6 տարեկան երեխաները, իսկ այժմ մոտեցումը տարբերակված է լինելու։
«Մենք ունենք իրավիճակ, որ բազամթիվ բնակավայրերում նախակրթարանները գործող միակ նախադպրոցական ուսումնական հաստատություններն են, ունենք նաև բնակավայրեր, որտեղ գործող մանկապարտեզները դեռևս չեն բավարարում բոլոր երեխաների ընդգրկվածությունն ապահովելուն», – նշեց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը նախադպրոցական կրթություն իրականացնող միակ հաստատությունն է, կարող են ընդգրկվել 3-6 տարեկան երեխաները, իսկ մանկապարտեզներ ունեցող բնակավայրերում նախակրթարան կարող են հաճախել 4-6 տարեկանները։
«Այս պահի դրությամբ հանրապետությունում գործում է 500 նախակրթարան։ Նախակրթարանները դպրոցահեն են, այսինքն՝ գործում են դպրոցի շենքում առանձնացված այնպիսի տարածքում, որտեղ հնարավոր է կազմակերպել նախադպրոցական կրթության համար հարմար միջավայր, – ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հիմնական տարբերությունը մանկապարտեզների և նախակրթարանների այն է, որ նախակրթարաններում երեխաների գտնվելու ժամաքանակը ավելի պակաս է, քան մանկապարտեզներում և կազմում է օրական 4-5 ժամ։
«Մենք նպատակ ունենք, որ մինչև 2030 թվականը բոլոր երեխաները մինչև դպրոց գնալը առնվազն 1 տարի ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ», – ասաց ԿԳՄՍՆ ներկայացուցիչը։
Սարգսյանը նշեց, որ նախակրթարաններում կրթությունն անվճար է։