ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնանկ է արել ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջին, հայտնել են Պենտագոնում։
Որոշումն ընդունվել է բարձրագույն ռազմական ղեկավարության կազմում շարունակվող կադրային փոփոխությունների և Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներգրավվածության ֆոնին։
Հեգսեթը Ջորջից պահանջել է անմիջապես լքել պաշտոնը և հրաժարական տալ։ Պաշտոնանկության պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել։ Ջորջն զբաղեցնում էր այդ պաշտոնը շուրջ երեք տարի՝ այն ստանձնելով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Ավելի վաղ նա Պենտագոնի նախկին ղեկավար Լլոյդ Օսթինի ավագ ռազմական օգնականն էր և չի համարվել ներկայիս Պաշտպանության նախարարության ղեկավարությանը որպես «մոտ կանգնած անձ»։
Պենտագոնում նշել են, որ շնորհակալ են գեներալին «տասնամյակների ծառայության» համար և հաջողություններ են մաղթել։ Գերատեսչության տվյալներով՝ ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալ, գեներալ Քրիստոֆեր Լանիվը։
Ջորջը դարձել է ավելի քան մեկ տասնյակ բարձրաստիճան զինվորականներից մեկը, որը պաշտոնանկ է արվել Հեգսեթի կողմից։ Նրանց թվում են նաև Միացյալ շտաբերի պետերի կոմիտեի նախկին ղեկավար Չարլզ Բրաունը, ռազմածովային գործողությունների ղեկավար Լիզա Ֆրանչետտին և ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ Ջեյմս Սլայֆը։
