Իրանն ու ՌԴ-ն կարևորում են, որ անվտանգային առումով իրենց «հակա» իշխանություն ՀՀ-ում չլինի․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ տարածաշրջանի մեծ պետությունները՝ Իրանն ու Ռուսաստանը, կարևորում են, որ անվտանգային առումով իրենց «հակա» ուժեր չլինեն Հայաստանում։ Նա այդ մասին նշել է «Շանթ» հեռուստատեսության եթերում՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, ըստ որի՝ Ռուսաստանը կցանկանար, որ պրոռուսական քաղաքական ուժերը կարողանային մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին։

Պուտինն այդ մասին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շեշտելով նաև անազատության մեջ գտնվող և ՌԴ անձնագիր ունեցող քաղաքական գործիչների մասին («Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան-խմբ․)։

Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ եթե հակառուսական, հակաիրանական ուժեր լինեն, ապա դա Հայատանի ու հարևան երկրների հարաբերությունների երկարաժամկետ վատթարացմանը կհանգեցնի։

«Տարածաշրջանի մեծ տերություններն անվտանգային մտավախություններ ունեն, մասնավորապես, որ ոչ թե պրո, այլ, օրինակ, հակառուսական, հակաիրանական ուժեր Հայաստանում իշխանության չլինեն։ Նրանց համար Հայաստանի հետ կապված ամենակարևոր շահն այստեղ իրենց հակաուժեր չունենալն է»,- շեշտել է նա։

Կարապետյանի խոսքով՝ նաև Հայաստանի շահերից չի բխում որևէ տարածաշրջանային երկրի հետ հակադրություն ունենալը, առավել ևս՝ այնպիսի երկրների, որոնց հետ տնտեսական լավ հարաբերությունների մեջ է։ Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ այսօր ՀՀ իշխանությունները հակաթեզեր են առաջ տանում տարածաշրջանային երկրների առումով։

«Չգիտեմ՝ ինչ հույսով է իշխանության ամբողջ վերնախավն այդ թեզերը տարածում։ Մենք չենք գտնվում Բալկաններում, կենտրոնական Եվրոպայում»,- հավելել է Կարապետյանը։

Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին ապրիլի 2-ին՝ Մոսկվայում։

Leave a Comment