18–ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանը ֆիքսել է, որ տղայի եղունքները սկսել են սևանալ, նրա մոտ շնչահեղձություն է
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29–ին վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակում կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանի խոսքով՝ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է դեռևս երեկ կեսօրին․ նա ունեցել է գլխացավեր և շնչահեղձություն։
«Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, գանգատներ ուներ։ Արդեն առավոտյան մեզ տեղեկացնում են, որ իրեն տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։ Պատճառը, մեզ հասած տեղեկություններով, իբր ուսման հետ կապված հարցերն են ուզում կարգավորել», – ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ վերջին երկու օրերին իրենք ահազանգել են, որպեսզի տղային տեղափոխեն հիվանդանոց, քանի որ նրա վիճակը լավ չի եղել։
Մարտիրոսյանի խոսքով՝ «Աբովյան» ՔԿՀ-ում Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն է՛լ ավելի է վատացել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ Աբովյանի բժշկական կենտրոն, ապա՝ «Նաիրի» ԲԿ։
Փաստաբանը շեշտեց, որ «Նաիրի» ԲԿ տեղափոխման պատճառն այն է, որ Մինասյանն այնտեղ է անցել իր բոլոր հետազոտությունները, այդ թվում՝ ՄՌՏ-ն, և նախկինում վիրահատվել ու ստացիոնար բուժում է ստացել հենց այդ կենտրոնում։
Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ Դավիթի մոտ շնչահեղձություն է սկսվել, ինչպես նաև ինքը ֆիքսել է, որ երիտասարդի եղունգները սկսել էին սևանալ։
Նա տեղեկացրեց, որ այս պահին պաշտպանական կողմը սպասում է գործի նյութերի մակագրմանը և հույս ունի, որ այսօր այն կհասնի Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոցի հարցը վերանայելու համար։
Նշենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագից հետո, երբ վարչապետը թիկնապահների ուղեկցությամբ քայլում էր դեպի ելքը, ներկաներից մեկը մոտեցել է նրան և ասելով՝ «Ըտենց չնայես ինձ», ձեռքի կտրուկ շարժում է արել վարչապետի ուղղությամբ։ Ավելի ուշ միջադեպի կապակցությամբ 3 անձ ձերբակալվել էր։ Այս գործով Դավիթ Մինասյանի եղբայրը՝ Միքայել Մինասյանը ազատ է արձակվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: