3 ապրիլի 2026 – 11:18 AMT
PanARMENIAN.Net – Պետական ոլորտում աշխատողների համար սահմանված 65 տարեկանի շեմը կվերացվի: Կառավարությունը հաստատել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Անդրադառնալով օրենքների նախագծերի փաթեթին, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ասել է, որ չի կարելի մարդկանց ազատել աշխատանքից միայն տարիքային շեմով պայմանավորված, բացառության ուժային և որոշ այլ ոլորտների:
«Հանվում է տարիքային շեմն այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են պետական սեկտորում, իհարկե կլինեն բացառություններ: Բոլոր դեպքերում ստիպված չենք լինի մեր քաղաքացիներին 65 լրանալու դեպքում աշխատանքից հեռացնել, որովհետև դա չի համապատասխանում արդի պահանջներին, տարիքային հիմքով չի կարելի մարդկանց ազատել աշխատանքից»,- նշել է նախարարը։
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծերին։ Վերոնշյալ օրենքներով նախատեսված պաշտոններ զբաղեցնելու տարիքային շեմերը կհանվեն՝ աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունը չպայմանավորելով զուտ միայն որոշակի տարիքի հասնելու հանգամանքով և բացառելով տարիքով պայմանավորված խտրական մոտեցումները:
Բացի այդ, հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։