3 ապրիլի 2026 – 13:14 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ ՍԱՏՄ-ն չի մեկնաբանում «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հայտարարությունը, թե Հայաստանի կողմից կարանտինային ապրանքների, այդ թվում՝ Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը անբավարար է։
ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասել է, որ տեղյակ են Սերգեյ Դանկվերտի հայտարարությունից, սակայն չեն մեկնաբանում, հայտնում է Aysor.am-ը:
Դանկվերտը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսական և անասնաբուժական արտադրանքի վերաբերյալ մի քանի տարի առաջ բարձրացված բողոքները շարունակվում են։
«Հայաստանից եկող արտադրանքի տեսականին և քանակը ենթադրում են, որ դրանցից ոչ բոլորը հայկական ծագում ունեն։ Մենք այս հարցը լուծել ենք և՛ 2024, և՛ 2023 թվականներին: «Օրինակ՝ Հայաստանը երեք տարվա ընթացքում ծաղիկների մատակարարումը 36 միլիոն միավորից մեծացրել է մինչև ավելի քան 100 միլիոն միավոր։ Աճ է գրանցվել նաև շատ այլ տեսակի ապրանքների դեպքում…Հայաստանի լեռնային գետերի կարմրախայտը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին», – ասել է է ծառայության ղեկավարը։
Դանկվերտն ասել է, որ խնդրի լուծման հնարավոր տարբերակ կարող է լինել ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, ինչը թույլ կտա ապահովել արտադրանքի ամբողջական հետագծելիությունը։