Քննչական կոմիտեն այսօր հաստատել է, որ Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում ապրիլի 2-ին պայմանագրային զինծառայող է մահացել:
Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
ՔԿ-ից նշում են, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Shamshyan.com-ը ապրիլի 2-ին հայտնել էր, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորական է մահացել, 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ:
