Իրանի քաղաքացիական թիրախների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել․ Արաղչի

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել և վնասում են Վաշինգտոնի հեղինակությանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Քաղաքացիական կառույցների, այդ թվում՝ անավարտ կամուրջների վրա հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել»,- գրել է նա հայտարարության մեջ։

Արաղչին նշել է, որ «բոլոր շենքերն ու կամուրջները կվերականգնվեն, բայց այն, ինչ երբեք չի վերականգնվի, ԱՄՆ հեղինակությանը հասցված վնասն է»։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին Թեհրանից արևմուտք գտնվող Քարաջ քաղաքում կառուցվող կամրջի վրա երկու հարվածի մասին։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու քաղաքացիական անձ։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչը խփվել է Իսլամական Հանրապետության կենտրոնական շրջաններին։ Ռազմական հայտարարությունը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ։

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը խոցվել և կործանվել է կենտրոնական Իրանի երկնքում։ Սա իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով»,- հայտարարության մեջ ասել է Իրանի գլխավոր շտաբի խոսնակը։ Զինվորականները հավելել են, որ իրենց գնահատմամբ՝ «անձնակազմի անդամների՝ ինքնաթիռից դուրս նետվելու հավանականությունը ցածր է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին կոչ էր արել գործարքի գնալ, «քանի դեռ շատ ուշ չէ»: Truth Social-ում նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ ըստ նրա նկարագրի Իրանի ամենամեծ կամրջի փլուզումն է ամերիկյան-իսրայելական հարվածների հետևանքով:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment