Եվրամիությունն ու Ադրբեջանը տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիներ են որոնում

Մարտի 11-ին, Մերձավոր Արևելքում բռնկվող ռազմական դիմակայության խորապատկերին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան այցելել էր Բաքու՝ բանակցելու Ալիևի հետ։ Բանակցությունների արդյունքում զրուցակիցները վերահաստատել են համագործակցության ամրապնդման հանձնառությունը հարցերի լայն շրջանակի շուրջ՝ էներգետիկայից և հաղորդակցություններից՝ մինչև անվտանգություն և տնտեսական զարգացում:

Հանդիպման արդյունքներով Կոշտան և Ալիևը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են «Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության ռազմավարական կարևորությունը» և վճռականություն հայտնել խորացնելու քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը: Բաքուն և Բրյուսելը մտադիր են զարգացնել «բարձր մակարդակի վերջին հանդիպումների ընթացքում նկատվող դրական դինամիկան»՝ ընդլայնելով համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, էներգետիկան և տրանսպորտը:

Փաստաթղթի համաձայն՝ գործընկերությունը նպաստում է «խաղաղությանը, կայունությանը, կապերի հաստատմանն ու կայուն զարգացմանը Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»: Կողմերը կշարունակեն բանակցությունները նոր համապարփակ համաձայնագրի շուրջ, որը կոչված է ձևավորելու համագործակցության ժամանակակից իրավական հիմք և փոխարինելու ներկայումս գործող գործընկերության պայմանագիրը, որը կարգավորում է երկրների միջև հարաբերությունները:

Եվրախորհրդի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի զարգացումը՝ ողջունելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված «պատմական ազդակը» հարաբերությունների կարգավորման գործընթացում։  Կոստան վերահաստատել է, որ Բրյուսելն աջակցում է շարունակվող երկկողմ երկխոսությանը, որն ուղղված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ձեռքբերմանը:

Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը նշել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության լայն շրջանակը՝ ընդգծելով, որ դաշինքը մերձկասպյան երկրի հիմնական տնտեսական գործընկերն է. հունվարին Ադրբեջանի ապրանքաշրջանառության գրեթե 50 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում, առաջիկա տարիներին այդ ցուցանիշը կավելանա նաև տնտեսական նախագծերի ընդլայնման և փոխադարձ ներդրումների հաշվին:

Երկկողմ գործընկերության Կենտրոնական տարրը մնում է էներգետիկան։ Արևմտյան Կասպից ծովի հանքավայրերից գազի արտահանումը եվրոպական շուկա շարունակում է աճել։ Հունվարին Տրանսադրիատիկ խողովակաշարով մատակարարումները հասան Գերմանիա և Ավստրիա։ Այսպիսով, Ադրբեջանը գազ է մատակարարում 16 երկրների, այդ թվում՝ Եվրոպայի 12 երկրների։ Անցած տարի Ադրբեջանն արտահանել է մոտ 25 մլրդ խմ բնական գազ՝ ստանալով մոտ 8,8 մլրդ դոլարի եկամուտ, ընդ որում՝ Եվրոպական միություն է գնացել մոտ 13 մլրդ խմ: Այս թվերը հաստատում են Ադրբեջանի՝ որպես հուսալի էներգետիկ գործընկերոջ համբավն այն ժամանակ, երբ Եվրոպան շարունակում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից: Երկրի աշխարհագրական դիրքն ու ենթակառուցվածքը թույլ են տալիս նրան էներգետիկ կամուրջ ծառայել Կասպից տարածաշրջանի և եվրոպական շուկաների միջև։

Կոստան աջակցել է Ալիևի խոսքերին՝ էներգետիկ անվտանգությունն անվանելով «մեր երկկողմ համագործակցության անկյունաքարը»: Նա հիշեցրել է՝ 2022 թվականին Եվրամիությունը սկսել է դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները, և Ադրբեջանն այդ ջանքերում առանցքային դեր է խաղացել Հարավային գազային միջանցքի շնորհիվ։  Գործընկերությունն էլ ավելի կարևոր է դարձել, քանի որ Եվրոպան ձգտում է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից։

Բաքվում բազմիցս ուշադրություն են հրավիրել երկրի էներգետիկ հզորությունների պահպանման և ընդլայնման համար եվրոպական ներդրումների ավելացման անհրաժեշտության վրա: Ելույթ ունենալով «Հարավային գազային միջանցք» նախաձեռնության ամենամյա խորհրդատվական խորհրդակցության ժամանակ՝ Ալիևը նշել է, որ գոյություն ունեցող խողովակաշարային ցանցն արդեն աշխատում է ամբողջ հզորությամբ՝ շեշտը դնելով տրանսպորտային ենթակառուցվածքի ընդլայնման և նոր գազատարների կառուցման անհրաժեշտության վրա՝ եվրոպական շուկաներ գազի լրացուցիչ ծավալի մատակարարման համար:

Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ներդրումներն ավանդաբար հանդիսանում են Բաքվի և եվրոպական քաղաքական գործիչների միջև տարաձայնությունների գործոն: Տարեսկզբին Դավոսի համաժողովում Ալիևը քննադատել էր Եվրոպայի կողմից Ադրբեջանի էներգետիկ ոլորտին, իր կարծիքով՝ ոչ բավարար ֆինանսական աջակցությունը: «Եվրոպան առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում Ադրբեջանում հանածո վառելիքի կամ էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունահանման ոլորտում ներդրումների նկատմամբ», այն դեպքում, երբ արդյունահանման և ենթակառուցվածքների ընդլայնման նոր նախագծերի հիմնավորման համար անհրաժեշտ են պահանջարկի և կապիտալ ներդրումների երկարաժամկետ երաշխիքներ:

Առաջիկա տարիներին Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել իր արտադրական հզորությունները։ Ակնկալվում է իրականացնել մի քանի նոր նախագծեր, որոնք ուղղված են արդյունահանման ավելացմանը, այդ թվում՝ խոշոր ծովային հանքավայրերի մշակման լրացուցիչ փուլերը, ինչպիսին է «Շահդենիզը», և «Ապշերոն» գազի հանքավայրում արդյունահանման ընդլայնումը: Բաքվի կանխատեսումներով՝ այդ նախագծերը թույլ կտան ավելացնել արդյունահանումը տարեկան 10-15 մլրդ խմ գազով՝ տասնամյակի վերջին արդյունահանման գագաթնակետին։

Բացի այդ, Ադրբեջանն ընդլայնում է վերականգնվող էներգիայի ոլորտը՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ: Մինչև 2030-ականների սկիզբը կառավարությունը նախատեսում է արտադրել վեցից ութ գիգավատտ վերականգնվող էլեկտրաէներգիա քամու, արևի և հիդրոէներգետիկայի նախագծերում ներդրումների միջոցով: Այս էլեկտրաէներգիայի մի մասը, ի վերջո, կարող է արտահանվել Եվրոպա այնպիսի նախագծերի շրջանակներում, ինչպիսին է սևծովյան սուզանավային մալուխը, որի նպատակն է Հարավային Կովկասից վերականգնվող էներգիայի փոխանցումը Հարավ-Արևելյան Եվրոպա:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան հանգեցրել է համաշխարհային էներգետիկ շուկաներում լարվածության աճին։ Քաթարից հեղուկացված բնական գազի մատակարարումները փլուզվել են Իրանի պատասխան հարվածներից հետո։ Բաքու կատարած այցի ընթացքում Կոստան դիվանագիտորեն նշել է՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական լարվածությունը և Հորմուզի նեղուցով նավթի ու գազի մատակարարումների դադարեցումը վկայում են հուսալի էներգետիկ գործընկերության անհրաժեշտության մասին, որի հստակ հեռանկարներն ակնհայտորեն չեն երևում:

Էներգետիկայից բացի, կողմերը կարևորել են նաև համագործակցությունը տարածաշրջանային հաղորդակցության և տրանսպորտի ոլորտներում: Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ կապող «Միջին միջանցքի» զարգացման գործում Ադրբեջանի դերն ամրապնդել է նրա դիրքերը՝ որպես տարանցիկ օղակ: Եվրոպական միությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Global Gateway ծրագրի շրջանակներում կապերի հաստատման նախաձեռնություններին, այդ թվում՝ Նախիջևանում երկաթուղու նախագծի զարգացմանը և տնտեսական համագործակցության նոր մեխանիզմներին, որոնք կոչված են նպաստելու առևտրի և ներդրումների զարգացմանը:

Կոստայի այցը Բաքու ցույց տվեց կապերի խորացման ընդհանուր շահագրգռվածությունը Եվրամիության նետումների խորապատկերին, որը համառում է իր առճակատման հակառուսական ուղեգծում։ Ադրբեջանի համար էներգակիրների արտահանման և տրանսպորտային միջանցքների ստեղծման նախագծերի ընդլայնումը հնարավորություն է տալիս ամրապնդել իր դիրքերն Արևմուտքի հետ երկխոսության մեջ, սակայն գազի արդյունահանման իրական դինամիկան շատ հեռու է հաղթական հարաբերություններից։

Այսպես թե այնպես, Բաքվում ակնկալում են, որ Եվրոպական միությունը գործնական քայլեր կձեռնարկի, հատկապես՝ ներդրումների առումով, էներգետիկ և տրանսպորտային կապերի արդիականացման համար, և հռչակագրերից կանցնի կոնկրետ գործողությունների:

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Leave a Comment