3 ապրիլի 2026 – 10:58 AMT
PanARMENIAN.Net – «Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում պահանջել է տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ինչ իրավական հիմքերով են իրականացվել սրբազանի և այլ անձանց գաղտնալսումները։
Նշված միջնորդությունը փաստաբանը ներկայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նիստի ընթացքում, հայտնում է «Փաստինֆոն»:
Խուդոյանը նշել է, որ եթե իրավապահ մարմինները չեն ունեցել վարույթ նախաձեռնելու և անձանց գաղտնալսելու իրավական հիմքեր, ապա դրան հաջորդած բոլոր գործողությունները ևս ապօրինի են։
«Շատ պարզ հարց ենք բարձրացնում՝ արդյո՞ք գործի նախաձեռնումը եղել է օրինական։ Ինձ համար անհասկանալի է հանրային մեղադրողի այն դիրքորոշումը, թե պետք է նախ ապացույցները հետազոտել, ապա վերջում անդրադառնալ հիմքերին։ Բնականաբար, եթե իրավապահ մարմինները դատարանին չեն ներկայացնում համապատասխան տվյալներ, դրանց բացակայության պայմաններում գործի քննությունն ընդհանրապես դառնում է անիմաստ, և որևէ ապացույց չի կարող հետազոտվել։
Դատարանի, հանրային մեղադրողի և պաշտպանների աշխատաժամանակը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, ուղղակիորեն կախված են այն հանգամանքից՝ արդյո՞ք այս գործը կարող է շարունակվել։ Իսկ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը հստակ է՝ տվյալները բավարար են եղել, թե ոչ։ Իրավական տեսանկյունից հանրային մեղադրողների մոտեցումն անհասկանալի է, իսկ քաղաքական հետապնդման տեսանկյունից՝ լիովին հասկանալի»,- նշել է Խուդոյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել են Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ և քայլեր, որոնք ուղղված են եղել իշխանության զավթմանը։ Դրանից հետո նրա կալանքի ժամկետը պարբերաբար երկարացվել է: