Սարդարապատի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է Արցախի դրոշը հեռացնելուց հրաժարվելու պատճառով. ԶԼՄ

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով հեռացնել Արցախի դրոշը կրթօջախի «փառքի անկյունից», գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ նշված դրոշը դպրոցին էին փոխանցել Հադրութի զինծառայողները։ ԿԳՄՍ նախարարության շրջաբերականից հետո մարզային իշխանությունները տնօրենի առաջ պայման են դրել՝ հեռացնել դրոշը կամ լքել պաշտոնը։

Թերթի փոխանցմամբ՝ Սմբատյանի հետ հանդիպել են փոխմարզպետը և մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ինչից հետո տնօրենն ընտրել է աշխատանքից հեռանալու տարբերակը։

Իր հայտարարության մեջ Սմբատյանը նշել է, որ պաշտոնը ժամանակավոր է, և ինքը չի կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում սաների արժեքները։ Նա հավելել է, որ այդ դրոշն աշակերտների համար կենդանի հիշողություն է։

ԶԼՄ-երը փետրվարին գրել էին, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում զոհվածների «Փառքի անկյունները» և դրանք փոխարինել Հայաստանի զինանշանով ու դրոշով՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրությամբ։

 

Leave a Comment