Brent հում նավթի գինը ապրիլի 2-ին բարձրացել է մինչև մեկ բարելի համար 141,36 դոլար՝ գրանցելով 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշը, հայտնել է CNBC-ն՝ հղում անելով S&P Global-ի տվյալներին։
Արժեքի կտրուկ աճը պայմանավորված է ֆիզիկական մատակարարման դեֆիցիտով, որն առաջացել է Հորմուզի նեղուցի փակման հետևանքով։ Ներկայիս գինը 32,33 դոլարով բարձր է Brent-ի հունիսյան ֆյուչերսների արժեքից։
Energy Aspects-ի հիմնադիր Ամրիտա Սենը նշել է, որ ֆինանսական շուկան թաքցնում է հումքի իրական պակասը՝ ստեղծելով անվտանգության կեղծ զգացողություն։ Նրա խոսքով՝ Եվրոպայում դիզելային վառելիքի մեկ բարելի արժեքն արդեն հասել է գրեթե 200 դոլարի։
Նախորդ շաբաթ Chevron-ի գլխավոր տնօրեն Մայք Վիրթը նույնպես զգուշացրել էր, որ ֆյուչերսային պայմանագրերը չեն արտացոլում մատակարարումների խափանումների իրական մասշտաբները։ Մարտի 23-ին Հյուսթոնում կայացած էներգետիկ համաժողովում նա ընդգծել էր, որ նեղուցի փակման ֆիզիկական հետևանքները դեռևս լիարժեքորեն չեն արտացոլվել շուկայում։
Financial Times-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցի փակումը Մերձավոր Արևելքի երկրներում ավելացրել է հետաքրքրությունը գազատարների և նավթատարների կառուցման նախագծերի նկատմամբ, որոնք թույլ կտան էներգառեսուրսներ արտահանել անկախ նեղուցում ստեղծված իրավիճակից։
