Հունաստանը ևս մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի քաղաքացիների համար Էգեյան ծովի կղիզներ այցելության գործընթացը հեշտացնող ծրագրի ժամկետները, որով վերջիններս կարող են վիզա ստանալ Հունաստանի անցակետերում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ծրագիրը մեկնարկել էր 2024 թվականի ապրիլի 1-ին՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերը։ Սկզբնական փուլում այն ընդգրկում էր 10 կղզի, սակայն հետագայում ցանկը ընդլայնվել է՝ հասնելով 12-ի։
Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լանա Զոհիուի հայտարարության համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիներն առաջիկա 1 տարվա ընթացքում այդ գործընթացով կարող են մուտք գործել հետևյալ կղզիներ՝ Իսթանքյոյ, Միդիլի, Ռոդոս, Սիսամ, Սաքիզ, Իլերյոզ, Լիմնի, Կալիմնոս, Մեյս, Սյոմբեքի, Բաթնոզ և Սեմադիրեք։
Ծրագրի շրջանակում Թուրքիայի քաղաքացիներն ազատվում են նաև Շենգեն վիզա ստանալու պարտադիր ընթացակարգից, սակայն տրամադրվող վիզան գործում է միայն տվյալ կղզու տարածքում և չի թույլատրում տեղաշարժ Հունաստանի այլ շրջաններ։ Նշենք նաև, որ վիզայի արժեքը կազմում է 85 եվրո, սակայն փաստաթղթերի ձևակերպումը իրականացվում է ոչ թե անհատական կարգով, այլ՝ լաստանավային ընկերությունների և տուրիստական գործակալությունների միջոցով, որոնք կարող են հավելյալ վճարներ գանձել ծառայությունների համար։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վավերական (առնվազն 6 ամսով) անձնագիր, կենսաչափական լուսանկարներ, բանկային հաշվեհամարի քաղվածք, հյուրանոցային ամրագրում, երկկողմանի լաստանավի տոմս, առողջապահական ապահովագրություն և այլն: Թուրքական մամուլում որպես պայման նշվում է նաև, որ անձնագրում չպետք է լինի Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության մուտքի կնիք, իսկ վիզաները տրամադրվում են սովորաբար 1-7 օրով:
Միևնույն ժամանակ, տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան աստիճանաբար դառնում է Հունաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկա. 2025-ին Թուրքիայից Հունաստան օդային ճանապարհով այցելել է շուրջ 766.000 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 14.5%-ով։
Ընդհանուր առմամբ, տարբեր ուղիներով Թուրքիայից Հունաստան այցելությունների թիվը գերազանցել է 1.8 միլիոնը՝ ապահովելով երկրի համար կարևոր տեղ հիմնական զբոսաշրջային շուկաների շարքում։ Միևնույն ժամանակ, Հունաստանից Թուրքիա այցելությունների թիվը նույն տարում նվազել է՝ կազմելով ավելի քան 621.000։